Կարեն Վարդանյանը
16:32 | 28.07.21 | Հոդվածներ | exclusive 4299
Հուլիսի 27-ին ավարտվեց Հայաստանում ԱԹՍ օդանավակայան կառուցելու դրամահավաքը։ Հուլիսի 12-ին մեկնարկած դրամահավաքին մասնակցեց 2839 նվիրատու: Հանգանակվեց 115 035 դոլար՝ սահմանված 110 286 դոլարի փոխարեն։ Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» եւ «Startup Armenia» հիմնադրամը։ Նախագծի մանրամասները Մեդիամաքսը ճշտել է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանից։
«2015 թվականին Կարեն Վարդանյանն ասել էր. «Հենց վաղը պաշտպանության նախարարը պետք է ԱԹՍ զորքեր ստեղծելու մասին հրաման արձակի, որպեսզի մենք կարողանանք դիմակայել պատերազմում»։ Այդ խնդրանք-առաջարկը մերժվեց, իսկ պատերազմն ապացուցեց, թե ինչ հիմնավոր էր Կարենի պահանջը։ Պատերազմը ամբողջովին բացահայտեց, թե մենք ինչպես ենք «կաղում» ժամանակակից մտքի ու տեխնոլոգիաների հարցում», - ասում է Սուրեն Վարդանյանը։
Վանաձորից 5 կմ դեպի հյուսիս–արեւմուտք գտնվող Լեռնապատ գյուղում ԱԹՍ-ների կառուցվող օդանավակայանը առաջինը կլինի Հայաստանում։ Այն կրելու է Կարեն Վարդանյանի անունը։
«Երկու ամիս Լոռու մարզում շրջելուց հետո այցելեցինք Լեռնապատ գյուղ։ Տարածքը սարերով շրջապատված հարթավայր է, շատ լավն է ճանապարհը, մոտ է Վանաձորին։ Այս ամենը հաշվի առնելով վերջնական ընտրությունը կանգ առավ հենց այս տեղանքի վրա», - պատմում է Սուրեն Վարդանյանը։