17:22 | 14.07.21 | Հոդվածներ | 23112

Դիջիթեյնի M1TQ ինկուբացիոն ծրագրի Դեմո օրն ու մրցանակակիրները

«Դիջիթեյն» ընկերության մեկնարկած M1TQ ստարտափ ինկուբատորը Դեմո օրով ամփոփել է գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափերի համար 12-շաբաթյա ձեռնարկատիրական ծրագիրը եւ դրամաշնորհներ տրամադրել մասնակից թիմերից երեքին:

Ծրագիրն իրականացվում է «DigiTown» նախագծի շրջանակներում՝ Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:

photo © Մեդիամաքս


M1TQ ինկուբացիոն ծրագրի պատասխանատու Մարիամ Փաշինյանն Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ այս շաբաթների ընթացքում հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներ են կազմակերպվել ստարտափերի համար՝ շուկայում նրանց աճն ու զարգացումն ապահովելու նպատակով:

«Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափերը ստացել են աշխատանքային տարածք, անհրաժեշտ սարքավորումներ՝ «Դիջիթեյն»-ի գրասենյակում 24-ժամյա աշխատանքի համար: Նրանք սովորել են իրենց նախատիպը ճիշտ ձեւավորել, բիզնես մոդելն ամրապնդել, վաճառքի, ներդրողների հետ հարաբերությունների դասընթացներ են անցել»,- նշել է նա:

Մարիամ Փաշինյանը Մարիամ Փաշինյանը
photo © Մեդիամաքս


M1TQ ինկուբացիոն ծրագրին մասնակցած 8 ստարտափ թիմերը՝ AR trails, Gabby, Axona, Armbionics, Rooshe, Payman, Medea, Prekog.ai, Դեմո օրվա ընթացքում հնարավորություն են ունեցել իրենց գաղափարները ներկայացնել վենչուրային կապիտալիստներին, ներդրողներին եւ ոլորտի առաջատարներին:

«Դեմո օրվա միջոցով կփորձենք ստարտափերի տեսանելիությունը շուկայում բարձրացնել, իսկ հետագայում՝ կապել ներդրողների հետ եւ արդյունավետ համագործակցություն ստեղծել նրանց համար», - ասել է Մարիամ Փաշինյանը:

photo © Մեդիամաքս


Ծրագրի ամփոփման օրը ժյուրիի անցկացրած քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած ստարտափերից երկուսը՝ Medea-ն եւ Prekog.ai-ն արժանացել են 2000-ական դոլար դրամաշնորհի, իսկ Armbionics-ը գլխավոր մրցանակին՝ 10 000 դոլարի:

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը
photo © Մեդիամաքս


Ժյուրիի կազմում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Վահան Հովսեփյանը, «Դիջիթեյն» ընկերության ղեկավար Վարդգես Վարդանյանը, SmartClick-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը եւ FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

photo © Մեդիամաքս


Վերին վերջույթների պրոթեզավորման տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող Armbionics-ը արդեն մի քանի պրոդուկտների հեղինակ է. միոէլեկտրիկ պրոթեզ, որը կառավարվում է մկաններից ստացված էլեկտրական ազդակների միջոցով, մեխանիկական պրոթեզ՝ հոդերի շարժման միջոցով կառավարվող եւ մասնակի ձեռքի պրոթեզ՝ նախատեսված ամպուտացված մատների համար:

Մարինա Դավթյանը Մարինա Դավթյանը
photo © Մեդիամաքս


«M1TQ -ն իր խորությամբ բավականին տարբերվում էր մնացած ինկուբացիոն ծրագրերից: 12 շաբաթը մեզ ժամանակ տվեց հագեցած դասախոսություններ լսելու, ինչպես նաեւ առանձին սեսիաներ ունենալ դասախոսների հետ, որոնք օգնեցին մեզ զարգացնել ինչպես բիզնես կողմը, այնպես էլ տեխնոլոգիական մասը»,- ասել է Armbionics-ի համահիմնադիր Մարինա Դավթյանը՝ նշելով, որ դրամաշնորհային գումարը կօգտագործեն իրենց նախագծերի տեխնոլոգիական զարգացման համար:

Մրցանակակիր մյուս երկու ստարտափերից Medea-ն առողջապահության ոլորտում տեխնոլոգիական լուծումներ առաջարկող նախագծերի մշակմամբ, իսկ Prekog.ai-ը՝ զբաղվում է արհեստական բանականության վրա հիմնված կրիպտոարժույթի ավտոմատացված համակարգով:

photo © Մեդիամաքս


Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտում «Դիջիթեյն»-ի կողմից իրականացվող նախագծերին՝ ընկերության մարկետինգային նախագծերի ղեկավար Մանանա Հովակիմյանը նշել է. «Դիջիթեյն ընկերությունն իր պարտքն է համարում զարգացնելու տեխնոլոգիական ոլորտը, էկոհամակարգը, որի շրջանակում էլ նախագծվեց «DigiTown» նախագիծը: Դրա առաջին բաղադրիչը «M1TQ» ինկուբացիոն ծրագիրն էր։ Երկրորդ բաղադրիչը DownTown ակադեմիան է, որը հնարավորություն է ընձեռում անվճար ստանալու տեխնոլոգիական կրթություն, իսկ լավագույնները հնարավորություն են ունենալու աշխատանքի ընդունվելու «Դիջիթեյն» ընկերությունում»:

Մանանա Հովակիմյանը Մանանա Հովակիմյանը
photo © Մեդիամաքս


Մանանա Հովակիմյանը հայտնել է, որ առաջիկայում կկառուցվի  «DigiTown» նախագծի երրորդ մասնաշենքը։ 50 հազար քմ. տարածք զբաղեցնող տեխնոհամալիրը նախատեսված է լինելու 5000 հոգու համար, որտեղ կտեղակայվի ներդրումային ֆոնդ, կգործեն աքսելերացիոն եւ ինկուբացիոն ծրագրերը, կտրամադրվեն տարածքներ միջազգային ընկերություններին, ստարտափներին եւ այլն։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի