15:09 | 08.07.21 | Նորություններ | 1354
Վիվա-ՄՏՍ ընկերությունն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են արտաքին լուսավորության՝ ժամանակակից եւ էներգախնայող համակարգերի տեղակայման աշխատանքները մարզերում:
Գործընկերները հեռավոր գյուղերում արդիականացնում են հին ու մաշված ենթակառուցվածքները, անհրաժեշտության դեպքում էլ զրոյից աշխատանքներ են իրականացնում՝ նոր համակարգ կառուցելու համար:
Հերթական աշխատանքները կատարվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում, որտեղ կառուցվել է լուսադիոդային 48 լուսարձակից բաղկացած փողոցային լուսավորություն համակարգ, որից կօգտվի նաեւ Վերնաշեն գյուղը: Լույսերի կառավարման վահանակը տեղակայվել է այդ գյուղերի վարչական տարածքների միավորման կետում: Լուսավորվել է շուրջ 1800 մ երկարությամբ երկրորդային փողոց:
«Այսպիսի ենթակառուցվածքը կարեւոր է ցանկացած համայնքի համար: Այն թույլ է տալիս լուծել եւ՛ կյանքի անվտանգության ապահովման, եւ՛ համայնքային միջոցների տնտեսման հարցերը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով էներգախնայող համակարգի կիրառումից շահում է վաղվա սերունդը: Սա այն լուծումն է, որը մերժում է բնությունից միայն վերցնելու, սպառելու մոտեցումը: Սրտացավ ու պատասխանատու մոտեցումը պարտավորեցնում է միշտ մտածել մեզանից հետո եկողների մասին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: