14:10 | 25.06.21 | Նորություններ | 5432

    Ամերիկյան համալսարանը տեխնոլոգիական զարգացմանը նպաստելու պլան է մշակել

    Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համատեղ նախաձեռնության շրջանակում մշակվել է գործողությունների պլան՝ 5 նպատակային ուղղություններով:

    Այդ մասին ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Կարին Մարկիդեսը՝ հյուրընկալելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին:

    Ըստ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության, նա տեղեկացրել է, որ գործողությունների պլանը մշակվել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի առաջխաղացմամբ հետաքրքրված շահառուների հետ անցկացված մի քանի տասնյակ հարցազրույցների արդյունքում:

    Գործողությունների պլանի 5 նպատակային ուղղություններն են.

    1.    Հայաստանի արհեստական բանականության հետազոտական կենտրոն;
    2.    Առաջնորդության զարգացում;
    3.    Կարողությունների զարգացում մարզային կլաստերներում;
    4.    Ընդլայնված STEM կրթություն;
    5.    Նախագծահեն ուսուցում ու նորարարական գործընթացներ:

    Կարին Մարկիդեսն ասել է, որ ծրագրի նպատակն է ստեղծել բուհերի համագործակցության հարթակ եւ աշխատել առաջարկվող հինգ ուղղություններով՝ նպաստելով ՀՀ տեխնոլոգիական զարգացմանը: