15:30 | 17.06.21 | Նորություններ | 1461

Վիվա-ՄՏՍ-ը «երբեւիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներում»

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավում կամ գործընթացներում ընկերության ներգրավվածության մասին հրապարակված «պնդումները» իրականությանը չեն համապատասխանում:

Ընկերության այսօրված տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Հունիսի 4-ին Վիվա-ՄՏՍ-ի կողմից տարածած հայտարարության մեջ ընկերությունն արդեն իսկ կտրականապես հերքել է նույն օրը լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավում կամ գործընթացներում:

Հունիսի 17-ին, նույն լրատվամիջոցի կողմից կրկին տարածված նմանատիպ պնդումների առնչությամբ, թե իբր Վիվա-ՄՏՍ-ն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ եւ ընդհուպ՝ իբր կարգադրում է աշխատակիցներին մասնակցել հանրահավաքների, ընկերությունը վերահաստատում է իր՝ հունիսի 4-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած գնահատականները, այն է՝ Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ այսօրինակ հրապարակումների բովանդակությունը իրականությանը չի համապատասխանում, լիովին կեղծ է ու շինծու:

Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբեւիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներում կամ քարոզարշավներում:

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարեւոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ եւ ամբողջովին ապաքաղաքական կառույց է»: