16:19 | 09.06.21 | Նորություններ | 4446
Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին բացահայտել է սոցցանցի ալգորիթմի «գաղտնիքներ», որոնց միջոցով կառուցվում է յուրաքանչյուր օգտատիրոջ համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող լրահոսը:
Ընկերության պաշտոնական բլոգում Ադամ Մոսերին նշել է, որ անհատական լրահոսի ձեւավորման վրա ազդում են «հազարավոր» գործոններ՝ «գրառումը կատարելու պահից սկսած մինչեւ տեսանյութերը «լայքելու» հաճախականությունը»։
Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Instagram-ում լրահոսի եւ stories-ի համար ամենակարեւորը չորս «ազդանշաններն» են.
1. տեղեկատվություն գրառման մասին (քանի «լայք» է ստացել գրառումը, երբ է հրապարակվել, քանի անգամ է դիտվել, եթե տեսանյութ է, ապա գտնվելու վայրը հաստատող ինչ նշան է կցվել եւ այլն),
2. տեղեկատվություն գրառումը կատարած անձի մասին (մասնավորապես, հաշվի է առնվում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նրա հետ շփվող անձանց թիվը),
3. օգտատիրոջ ակտիվությունը (ներառյալ այն, թե քանի գրառման է նա «լայք» դրել);
4. այլ օգտատերերի հետ նրա փոխգործակցության պատմությունը:
Վերջին «ազդանշանը» «մեզ թույլ է տալիս իմանալ, թե որքանով եք հետաքրքրված կոնկրետ անձի հրապարակումներով»,- ասել է Մոսերին: