14:18 | 26.05.21 | Նորություններ | 1390

Xiaomi-ն հավակնում է սմարթֆոնների շուկայի գլոբալ առաջատար դառնալ

Xiaomi Group China-ի նախագահ Լու Վեյբինգը հայտարարել է, որ Xiaomi-ն շուտով կշրջանցի Samsung-ին եւ արդեն 2023թ. կգլխավորի սմարթֆոն արտադրողների գլոբալ վարկանիշը:

Կանխատեսվում է, որ արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունն առաջ կանցնի Apple-ից եւ կզբաղեցնի երկրորդ տեղն աշխարհում:

Canalys ընկերության վերջին հետազոտության համաձայն, սմարթֆոնների գլոբալ վաճառքները 2021թ. առաջին եռամսյակում կազմել են 347 մլն սարք: Առաջին հորիզոնականում Samsung-ն է՝ 76,5 մլն սարքով:

Երկրորդ տեղում Apple-ն է՝ 52 մլն սարքով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 41%-ով ավելի iPhone է արտադրել:

Ամերիկյան պատժամիջոցների արդյունքում լավագույն հնգյակից դուրս է մնացել Huawei-ը: Նրա փոխարեն ցուցակում հայտնվել է Xiaomi-ն, 49 մլն սարքի վաճառքի ցուցանիշով՝ զբաղեցնելով շուկայի 14%-ը: Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում գտնվող Apple-ին է պատկանում շուկայի 15%-ը, ուստի երկու ընկերությունների մրցակցությունը գնալով ավելի է թեժանում: