16:43 | 25.05.21 | Նորություններ | 1081

«Լեգոստարտ» մրցույթին 11 թիմ է մասնակցել

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Լեգոստարտ» ռոբոտաշինական առաջին մրցույթը։ Մրցույթին մասնակցեց 11 թիմ 3 տարիքային խմբերում՝ տարրական, կրտսեր եւ ավագ։

Թիմերը ներկայացնում էին Սյունիքի, Կոտայքի, Տավուշի եւ Շիրակի մարզերը եւ մայրաքաղաք Երեւանը։ Սա նոր հնարավորություն է հատկապես մարզերի երեխաների համար՝ զարգանալու  ռոբոտաշինության ոլորտում  եւ մասնակցելու ավելի խոշոր մրցույթների։

«Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանի  խոսքով՝ «Լեգոստարտ» անդրանիկ մրցույթը մեզ համար կարեւոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ ենք փորձարկում այս ձեւաչափը լեգոյի եւ ռոբոտաշինության սիրահարների համար, ովքեր առաջին քայլերն են անում այս ոլորտում։ Նա հույս հայտնեց, որ բոլոր թիմերը կկարողանան հետագայում մասնակցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի թե՛ ազգային եւ թե՛ միջազգային փուլերին։ «Ռոստելեկոմ» ընկերության  համագործակցության շնորհիվ է, որ «Այբ» կրթական հիմնադրամը որոշեց ստեղծել մի նախնական հարթակ, որտեղ սկսնակ թիմերը հնարավորություն ունեն իրենց ուժերը գնահատելու եւ պատրաստվելու հետագայում ավելի լուրջ ռոբոտաշինական նվաճումների։

«Ռոստելեկոմ» ընկերությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում ռոբոտաշինության ոլորտին։ Ընկերության տնօրեն Հայկ Ֆարամազյանի ներկայացմամբ՝ շատ ուրախ են այս տարի եւս աջակցելու այսպիսի հրաշալի ծրագրի եւ «Լեգոստարտ 2021»-ի  հարթակում  աջակցելու սկսնակ թիմերին, որ հմտանան եւ առաջիկայում մասնակցեն Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային։


Այս տարվա «Լեգոստարտի» թեման առնչվում էր համավարակին․ մեր աշակերտների ստեղծած ռոբոտները փորձում էին ավելի կառավարելի դարձնել համավարակն ու բնական աղետները՝ մեղմելով դրանց հետեւանքները։ Լեգո կրթության միջոցով մեր աշակերտները փորձեցին զարգացնել ստեղծված խնդիրներին արագ ու պարզ լուծումներ տալու իրենց հմտությունները՝ միեւնույն ժամանակ դրական ազդեցություն ունենալով համավարակի ու բնական աղետների հետեւանքների կառավարման կարեւոր հիմնախնդրի վրա։

Լարված պայքարի արդյունքում «Լեգոստարտ 2021» մրցույթում հաղթողների պատվին արժանացան տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչված «NAV» թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ «Գազպրոմ 4»-ը, իսկ ավագ տարիքային խմբում` «Մուշը»։ Տարրական տարիքային խմբում երկրորդ կարգի դիպլոմի արժանացավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի թիմը, իսկ առաջին կարգի դիպլոմի` «Գիտուն» թիմը Կապանից։ Կրտսեր տարիքային խմբում էլ առաջին կարգի դիպլոմ նվաճեց «Best Trio» թիմը Նոր Հաճնից։

Մրցույթի մասնակիցներն ու հաղթողները մրցանակներ ստացան «Այբ»-ի գործընկեր «Munich», «Զիգզագ» եւ «Մեգաթոյզ» ընկերություններից։ Մասնակից թիմերից 3-ին Lego հավաքածուներ էր տրամադրել մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերությունը։

Հիշեցնենք նաեւ, որ մրցույթի մասնակից թիմերի մարզիչների համար մրցույթին նախորդող ժամանակահատվածում դասընթացների շարք է իրականացրել Հայաստանում «LEGO® Education» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Creative Educational Technologies (CET) կազմակերպությունը։