11:13 | 25.05.21 | Նորություններ | 966

Նախարար. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործակցության մեծ ներուժ կա

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար:

«Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչեւ գիտահետազոտական գործունեություն: Ինչպես հայտնի է, դեռեւս Խորհրդային Միության կազմում՝ Հայաստանը կարեւոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, եւ Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները ներկայումս լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման եւ արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ–ռուսական համագործակցության հնարավորությունները եւ պատրաստակամություն հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակը:

Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել գերատեսչության առջեւ դրված խնդիրների իրականացման գործում։

Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը եւ տեղեկացրել, որ ռուսական կողմը եւս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները եւ համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝ ռադիոէլեկտրոնիկայի, իրերի ինտերնետի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման եւ շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունն արդեն բավական լուրջ հիմքերի վրա է դրված:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցին։