14:02 | 24.05.21 | IT պատանիներ | exclusive 35318

IT պատանիներ. 15-ամյա Դավիթը ոչ միայն խաղում, այլեւ ստեղծում է համակարգչային խաղեր

Ապացուցված է՝ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

15-ամյա Դավիթ Բեգյանը իր շատ հասակակիցների նման ոչ թե համակարգչային խաղեր է խաղում, այլ ստեղծում դրանք: Itel.am-ը նրա հետ զրուցել է խաղեր պատրաստելու հմտությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում այլ հետաքրքրությունների մասին:

Խաղի ծպտյալ Ջաֆարը

Դավիթը պատմում է, որ ավելի փոքր տարիքում ստրատեգիական խաղեր շատ էր խաղում: Երբ 4 տարի առաջ սկսեց հաճախել «Ղողանջ» կենտրոնում գործող «Արմաթ» լաբորատորիա, արդեն իր ընկերները սկսեցին խաղալ Դավիթի ստեղծած խաղերը:

Դավիթ Բեկյանը Դավիթ Բեկյանը
photo © Մեդիամաքս


«Երբ ամբողջապես ծանոթացա Scratch ծրագրին, իմ խմբավար ընկեր Հայկն ինձ առաջարկեց «Ալադին» մուլտֆիլմի կերպարներով եւ սյուժեով խաղ ստեղծել: Որոշեցի, որ Ալադինը, տարբեր աշխարհներում որոշակի խոչընդոտներ հաղթահարելով, պետք է գա Ժասմինին փրկելու: Ավարտն ավելի հետաքրքիր դարձնելու համար մեկ այլ՝ խաղը բարդացնող միտք հղացավ. խաղի վերջում գլխավոր հակահերոսը՝ Ջաֆարը, Ալադինի կերպարանք է ընդունում, ունենում ենք երկու Ալադին եւ խաղացողը Ալադինի կապիկի միջոցով պետք է ընտրի՝ որին սպանել»,- պատմում է Դավիթը:

photo © Մեդիամաքս


Այս խաղի վրա մոտ 4-5 ամիս է աշխատել: Ասում է, որ դժվարացել է միայն կերպարների վրա աշխատելիս: Հիմնականում վերցրել է մուլտհերոսների պատրաստի նկարներ, իսկ հետո դրանց վրա երկար աշխատել դիզայնի եւ անիմացիոն ծրագրերով, որպեսզի կերպարները փիքսելային շարժ ունենան:

photo © Մեդիամաքս


Խաղի առաջին «դատավորները»

Դավիթը Star wars-ի սյուժեով խաղ էլ է ստեղծել Scratch ծրագրով: Այս տարի հենց այդ խաղն էր ներկայացրել Digicode 2021 մրցույթին: Ընկերները խաղացել ու շատ էին հավանել:

«Խաղերի պատրաստ լինելուց հետո դրանք տալիս եմ խմբակի մյուս սաներին, որպեսզի փորձարկեն: Հիմնականում հետեւում եմ, թե ինչպես են խաղում, ու հաճախ նկատում՝ ինչ փոփոխություններ է անհրաժեշտ անել: Օրինակ՝ Star Wars խաղում որոշակի փոփոխություններ կատարեցի, երբ տեսա, որ որոշ հատվածներում ընկերներս շատ են դժվարանում»,-պատմում է Դավիթը:

photo © Մեդիամաքս


«Նվաճելով» նոր ծրագրեր

Հիմա նա սովորում է նոր ծրագիր՝ Unity-ն, որով պատրաստում է խաղեր 3D ձեւաչափում: Արդեն փոքր խաղեր կարողանում է ստեղծել նոր ծրագրով, բայց շարունակում է անդադար կատարելագործել գիտելիքները:

«Scratch-ը բազային ծրագիր է, եւ դրանով շատ մեծ խաղեր չեն ստեղծում: Իմ ստեղծած խաղերն էլ հիմնականում ծանր են, շատ անիմացիաներ կան, որի պատճառով խաղը երբեմն կարող է ուղղակի չբացվել: Օրինակ՝ Digicode մրցույթի ժամանակ երբ ներկայացնում էի Star Wars խաղը, ժյուրիի անդամների մոտ այդ պահին խաղը չի բացվել, որովհետեւ շատ ծանր էր: Հավանաբար, դա էր պատճառը, որ ժյուրին բարձր չգնահատեց այն»,- պատմում է Դավիթը:

photo © Մեդիամաքս


Դավիթի համար համակարգչային խաղերում ամենակարեւորը սյուժեն է, որ պետք է եւ´ որոշակի ուսուցողական տարրեր ունենա, եւ´ միաժամանակ լինի հետաքրքրաշարժ:

Հայրենասիրական խաղեր եւ անօդաչուներ

«Հիմա ցանկանում եմ հայրենասիրական խաղեր ստեղծել: Միակ բարդությունն այն է, որ ես անիմատոր չեմ, եւ թեեւ կարող եմ ինքս նկարել, սակայն գուցե այդքան էլ գեղեցիկ կերպարներ չստացվեն: Եթե, օրինակ, լինեն Սասունցի Դավթի կերպարն ու մեր էպոսից մի շարք այլ հերոսների նկարներ, կկարողանամ շատ հետաքրքիր խաղ ստեղծել»,- ասում է Դավիթը:

photo © Մեդիամաքս


Այժմ Դավիթը նաեւ ավիամոդելավորման դասերի է հաճախում: Այնտեղ եւ «Արմաթ»-ում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ առաջիկայում կմասնակցի անօդաչու թռչող սարքերի առաջիկա մրցույթին:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի