16:41 | 11.05.21 | Հոդվածներ | exclusive 2831

«Խելացի» ջերմոցից՝ «Աստղային պատերազմներ». Digicode 2021-ում ներկայացված նախագծերը

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվել է «Դիջիկոդ 2021» կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը:

Itel.am-ը ներկա է գտնվել միջոցառմանն ու զրուցել մասնակիցների հետ իրենց նախագծերի մասին:

«Խելացի» ջերմոց

Airboss դրոն, ջերմոցի ղեկավարման ավտոմատ համակարգ, Iosifyan Assistant գիտական օգնական, խելացի տուն, եղանակի տեսության համակարգ եւ մի շարք այլ նախագծեր էին ներկայացվել «Դիջիկոդ 2021»-ի «Սարքերի ինտեգրում» անվանակարգում:

Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց Ֆիզմաթ դպրոցի սաներ Նարեկ Սարգսյանի եւ Գեւորգ Սարգսյանի ներկայացրած ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգը, որը տղաները ստեղծել են ընդամենը երկու շաբաթում:

Նարեկ Սարգսյանը եւ Գեւորգ Սարգսյանը Նարեկ Սարգսյանը եւ Գեւորգ Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Համակարգը պատրաստվել է Python ծրագրավորման լեզվով: Տեղանքի ջերմաստիճանի վերաբերյալ տվյալները համապատասխան աղբյուրից ստանալուց հետո համակարգն ավտոմատ կարգավորում է օդի ջերմաստիճանը՝ տեղադրված օդափոխիչի եւ ինֆրակարմիր ջեռուցման համակարգի միջոցով:

«Ջերմոցում տեղադրված հատուկ տվիչի օգնությամբ համակարգը հասկանում է հողի չոր կամ խոնավ լինելն ու ուղարկում համապատասխան հաղորդագրություն:
Համակարգը կարող է աշխատել 2 ռեժիմով՝ ավտոմատ եւ գրաֆիկով: Առաջին դեպքում, երբ այն հասկանում է, որ հողը չոր է, ջրում է այն ինքնաշխատ եղանակով:

Երկրորդ ռեժիմի դեպքում կարելի է ընտրել ջրելու կոնկրետ օր եւ ժամ»,- պատմում է Գեւորգը, որից հետո տղաները ցույց են տալիս ջերմոցի աշխատանքը մանրակերտի վրա:  

photo © Մեդիամաքս


«Այժմ համակարգը դադարեց ջրել հողը, որովհետեւ տեսնում ենք տվիչից ստացված հաղորդագրությունը՝ հողը բավարար խոնավ է»,- հավելում է Նարեկը:

Ջերմոցի վրա տեղադրված է նաեւ տեսախցիկ, որը հավաքագրում է ջերմոցին մոտեցած անձանց տվյալներն ու արտացոլում համապատասխան բաժնում:

Գաղափարից՝ արտադրություն

Ավելի վաղ Գեւորգը եւ Նարեկը այս նույն նախագիծը ներկայացրել էին «Կրթություն եւ կարիերա EXPO-2021»-ին, որի ժամանակ այն մեծ հետաքրքրության էր արժանացել:

«Տարբեր մարդիկ եկան եւ ասացին, որ ուզում են իրենց ջերմոցներում ներդնել մեր ստեղծած համակարգը, որպեսզի կարողանան քաղաքից ղեկավարել իրենց գյուղի ջերմոցը, եւ հակառակը: Նշեցին նաեւ մի քանի գործառույթներ, որոնք իրենց հետաքրքրում են, որպեսզի ավելացնենք դրանք համակարգին, օրինակ՝ օդի բաղադրության մեջ CO2-ի առկայությունը, օդի խոնավությունը եւ այլն: Նոր գործառույթները համակարգում ներդնելուց հետո հնարավոր է, որ նախագիծը կարողանանք հասցնել արտադրման եւ վաճառքի փուլին»,- մանրամասնում է Նարեկը:

photo © Մեդիամաքս


Գեւորգն էլ հավելում է, որ իրենց դպրոցի սաները ինժեներական լաբորատորիայում կկարողանան էլ ավելի լավ նախագծեր ստեղծել՝ դրա համար ավելի լավ պայմաններ ունենալուն պես:

«Այժմ Ֆիզմաթ դպրոցում տանիքը վերակառուցվում է՝ նոր հարկ ստեղծելու նպատակով, որտեղ նախատեսվում է տեղակայել երկու մեծ ռոբոտաշինության լաբորատորիաներ: Ներկայիս լաբորատորիաները բավականին փոքր են եւ գտնվում են նկուղային հարկում, որտեղ խոնավության պատճառով, հաճախ, ռոբոտների աշխատանքի հետ որոշակի խնդիրներ են լինում: Ներկա պահին Ֆիզմաթ դպրոցի բարեկամ հիմնադրամը գումար է հավաքում նոր հարկի կառուցումն ավարտելու եւ լաբորատորիաներ ստեղծելու համար»,- պատմում է նա:

photo © Մեդիամաքս


Ավելի վաղ տղաների այլ նախագծեր հաղթող էին ճանաչվել ռուսաստանյան «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնում: Նարեկի եւ Գեւորգի այլ նախագծերի մասին կարող եք կարդալ Itel.am«IT պատանիներ» շարքում:

«Խելացի» տուն՝ ձայնային կառավարմամբ

«Խելացի» տուն եւ անվտանգություն նախագծով ներկայացել էին Գանձակի թիվ 1 դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները: Միքայել Պետրոսյանը եւ Էդգար Եղիազարյանը 3 սենյականոց առանձնատան տեսքով մանրակերտի վրա ցույց տվեցին համակարգի աշխատանքը:

Միքայել Պետրոսյանը եւ Էդգար Եղիազարյանը Միքայել Պետրոսյանը եւ Էդգար Եղիազարյանը
photo © Մեդիամաքս


«Նախագիծը հնարավորություն է տալիս համապատասխան հավելվածի միջոցով  ավտոմատ կերպով կառավարել տան բոլոր խելացի սարքերը: Համակարգն աշխատում է նաեւ ձայնային կառավարչի միջոցով, ինչպես նաեւ մուտքի ճիշտ գաղտնաբառը մուտքագրելու եղանակով, որից հետո ավտոմատ կերպով բացվում է տան դուռը եւ վառվում են սենյակների բոլոր լույսերը»,- պատմում է Միքայելը:

Էդգարն էլ հավելում է, որ առաջիկայում տան վրա տեսախցիկ կավելացնեն, որպեսզի ամրապնդեն անվտանգության համակարգը:

«Տեսախցիկը կգրանցի ցանկացած շարժ, եւ համակարգը ծանուցում կուղարկի տան տիրոջը՝ տեղեկացնելու այդ շարժի մասին: Որոշել ենք նաեւ սենյակների ջերմաստիճանի կարգավորման համակարգ ավելացնել՝ տաքացում եւ սառեցում»,-ասում է նա:

photo © Մեդիամաքս


Տղաները ցանկանում են իրենց թիմով մասնակցել նաեւ առաջիկայում տեղի ունենալիք «Ռոբոտեքս» մրցույթին: Գանձակի թիվ 1 դպրոցի խելացի սաների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Itel.am«IT պատանիներ» շարքում:

Աստղային պատերազմներ՝ հայ պատանու խաղում

Մրցույթի անվանակարգերից մեկում մասնակիցները ներկայացնում էին իրենց ստեղծած համակարգչային խաղերը՝ պատրաստված Scratch ծրագրով: Նրանց թվում էր նաեւ «Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի սան Դավիթ Բեկյանը, որն իրեն սատարող թիմի հետ ներկայացնում էր Star Wars (Աստղային պատերազմներ) խաղը: Նրա թիմակից Մարիամ Շահսուվարյանի խոսքով՝ Դավիթն այս խաղի ուղղությամբ աշխատել է մոտ 5 ամիս:

photo © Մեդիամաքս


«Խաղը ստեղծվել է համանուն ֆիլմի սյուժեի հիմքով, սակայն արվել են որոշակի փոփոխություններ: Այն բաղկացած է 3 փուլից, որոնցից ամենաբարդը 3-րդն է, որովհետեւ մեր ամենաուժեղ հերոսին է անհրաժեշտ հաղթել»,- մանրամասնում է Մարիամը:

Դավիթի թիմակից Էմիլ Արշակյանն էլ, որը թեստավորել է խաղը, այն շատ է հավանել:

«Scratch-ով ստեղծված լինելու համար խաղը շատ լավն է: Կարողացա հաղթահարել բոլոր փուլերը, սակայն 3-րդ փուլում ինձնից 4 փորձ պահանջվեց»,- ասում է նա:

Դավիթ Բեկյանը Դավիթ Բեկյանը
photo © Մեդիամաքս


Խաղի հեղինակի խոսքով՝ ֆիլմը շատ էր հավանել, դրա համար էր որոշել այդ սյուժեի հիմքով խաղ ստեղծել:

«Աշխատանքի ընթացքում օգտագործել եմ մի շարք ծրագրեր՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe Premiere Pro, Adobe Animate: Առանձնանում է երկրորդ աշխարհը, որում հերոսները տիեզերքում են: Առաջիկայում խաղը կկատարելագործեմ՝ ստեղծելով այն Unity պլատֆորմային միջավայրով»,- պատմում է Դավիթը:

Նրա խոսքով՝ հայրենասիրական խաղեր ստեղծելու մեծ ցանկություն ունի եւ ուրախ կլինի, եթե գտնվեն անիմատորներ, որ իրեն կկարողանան հայ հերոսների կերպարներ տրամադրել՝ խաղում օգտագործելու համար:

photo © Մեդիամաքս


Ալգորիթմական լուծումներ

Մինչ մրցույթի մի սրահում մասնակիցները ներկայացնում էին իրենց ստեղծած համակարգչային եւ ուսուցողական խաղերը, մյուս սրահում «Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայի մասնակիցները տարատեսակ խնդիրներ էին հաղթահարում: Նրանց թվում էր Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտ, 11-ամյա  Սրապ Գեւորգյանը, որն արդեն մեկ տարի է, ինչ «Արմաթ» լաբորատորիա է հաճախում:

Իրեն տրված առաջադրանքները գրագետ կատարելուց հետո Սրապը պատմում է, որ ավելի բարդ խնդիրների էր ակնկալում հանդիպել:

Սրապ Գեւորգյանը Սրապ Գեւորգյանը
photo © Մեդիամաքս


«Մտածում էի, որ ավելի դժվար կլիներ, դրա համար էլ ես եւ իմ խմբավարը բարդ խնդիրների ուղղությամբ էինք աշխատել: Ամենադժվար խնդիրներից էր այն, որ պետք է գտնեինք եռանկյան մակերեսն ու բարձրությունը, երբ ունեինք միայն ներքնաձիգն ու անկյունները: Առաջադրանքները շատ հետաքրքիր էին»,- ասում է Սրապը:

Նրա խոսքով՝ հաջորդ տարի կցանկանա ռոբոտով ներկայանալ մրցույթին: Սրապը ցանկանում է մի այնպիսի ռոբոտ ստեղծել, որը կօգնի ինքնապաշտպանվել, օրինակ, պատերազմի ժամանակ: Առաջիկայում նա պատրաստվում է սովորել Java Script եւ Python ծրագրավորման լեզուները՝ ապագայում լավ ծրագրավորող դառնալու նպատակով:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի