14:50 | 26.03.21 | IT պատանիներ | exclusive 33922

IT պատանիներ. Սպարտակի եւ Էդգարի ծրագրավորած ռոբոտները

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

***


Այս անգամ Itel.am-ն այցելել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղ՝ հանդիպելու 15-ամյա Սպարտակ Վիրաբյանին եւ 16-ամյա Էդգար Եղիազարյանին: Տղաներն արդեն 3 տարի է, ինչ հաճախում են Գանձակի թիվ 1 դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Այս ընթացքում նրանք հասցրել են ստեղծել տարբեր ռոբոտներ ու մշակել ծրագրեր:


IT-ն հետաքրքիր է

Սպարտակ. IT ոլորտով սկսել եմ հետաքրքրվել 10 տարեկանից: YouTube-ում տարբեր հոլովակներ էի դիտում «խելացի» համակարգերի մասին՝ «խելացի դուռ», «խելացի ժամացույց», ու ինքս էլ ցանկանում էի նման իրեր մոդելավորել: Երբ տեղեկացա, որ կարող եմ «Արմաթ» լաբորատորիայում նմանատիպ ծրագրերի պատրաստում սովորել, սկսեցի հաճախել դասերին:

Էդգար Եղիազարյանը Էդգար Եղիազարյանը
photo © Մեդիամաքս


Էդգար. Սկզբում պատկերացում չունեի, թե «Արմաթ»-ում ինչ ենք սովորելու, պարզապես ռոբոտաշինություն բառն ինձ համար շատ գրավիչ էր: Հետաքրքրություն առաջացավ, սկսեցի ավելի շատ ուսումնասիրել տեխնոլոգիաների ոլորտն ու այսօր փորձում եմ հենց դրա վրա կենտրոնանալ: Այստեղ սովորում ենք լուծել ցանկացած խնդիր, որ կապված է տեխնոլոգիաների հետ՝ սկսած պարզից մինչեւ բարդ:

Առաջին ռոբոտը

Սպարտակ. Դասերին գալուց 6 ամիս անց, երբ ավարտեցինք Arduino ծրագրի ուսուցումը, սկսեցինք ավտոմատ ծրագրեր իրականացնել: Մեր առաջին նախագծերից մեկը սեւ գծին հետեւող տանկն էր: Հետո այն զարգացրինք ու դարձրինք bluetooth-ով կառավարվող, ստեղծեցինք նաեւ տանկի ավելի մեծ ու կատարելագործված մոդելը:

Սպարտակ Վիրաբյանը Սպարտակ Վիրաբյանը
photo © Մեդիամաքս


Էդգար. Երբ նոր էինք սկսել աշխատել նախագծի վրա, գաղափար չունեինք, որ կկարողանանք հավաքել մեր ուզած մոդելը: Իհարկե, որոշ գաղափարներ համացանցից ենք վերցրել, սակայն ձեւափոխել ու ադապտացրել ենք բազմաթիվ դետալներ, մոդելավորել ենք ու տպել 3D տպիչով:

Ունեցել ենք ռոբոտ, որը կարողանում էր հաղթահարել ցանկացած լաբիրինթ, փուչիկներ էր պայթեցնում, հաղթահարում խոչընդոտները: Առաջին անգամ մրցույթի մասնակցելիս հենց այս ռոբոտով ենք ներկայացել: Կարողացանք անցնել եզրափակիչ փուլ, ինչը մեծ հաջողություն էր մեզ համար:

photo © Մեդիամաքս


Սպարտակ. Հաջողություն ենք ունեցել նաեւ 2019 թվականի ԴիջիԿոդ մրցույթի ժամանակ, երբ Scratch-ով ստեղծել էինք ուսուցողական ծրագիր, որը սովորեցնում էր Arduino ծրագրի հմտությունները: Մեր խմբակի այս նախագիծն արժանացավ «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» տիտղոսին:

Այժմ պատրաստվում ենք այս տարվա ԴիջիԿոդին, որը տեղի է ունենալու մայիսին: Աշխատում ենք «Խելացի տուն» նախագծի շուրջ, որով էլ ներկայանալու ենք մրցույթին:

«Խելացի» զանգը

Սպարտակ. Գանձակի թիվ 1 դպրոցի ուսուցիչները փոքր-ինչ դժգոհում էին, որ իրենք պետք է դասի զանգը հնչեցնեն: Դիմեցին մեր խմբակին, որպեսզի որեւէ տեխնոլոգիական լուծում տանք ու հեշտացնենք իրենց աշխատանքը: Մենք էլ ստեղծեցինք մի համակարգ, որն ընդամենը պետք է միացնել հոսանքին եւ այն ճիշտ ժամանակին կհնչեցնի զանգը:

photo © Մեդիամաքս


Վերցրինք հիմնական էլեկտրոնային դետալներն ու սկսեցինք մշակել էլեկտրոնային մասը: Հետո արտաքին տեսքի համար ստեղծեցինք մինիմալիստիկ մոդել, որում կտեղավորվեին բոլոր էլեկտրոնային դետալները: Բացի դասական ձեւից, սարքն ունի նաեւ համաճարակային ռեժիմ: Այլ ռեժիմներ եւս կան՝ կախված պատվիրատուի ցանկությունից:

Էդգար. Դպրոցում տեղադրելուց հետո սարքը խափանումներ չի ունեցել: Հնարավորություն կար նաեւ այն դարձնելու սմարթֆոնով կառավարվող, որ երբ պետք լիներ, զանգը շուտ տայինք (հեղ.՝ կատակում է):

Այժմ «Խելացի զանգը» վաճառում ենք նաեւ այլ դպրոցներին, իսկ վաճառքից ստացված եկամուտը ներդնելու ենք խմբակում նոր նախագծեր իրականացնելու համար:

photo © Մեդիամաքս


Ունեցել ենք նաեւ «Խելացի ջերմոց» նախագիծը, որն ավտոմատ ջրում էր բույսերը, երբ դրանք չորանում էին: Հատուկ հավելվածի միջոցով համակարգը ցույց էր տալիս, թե ինչքան ջուր է անհրաժեշտ բույսին, ինչպես է պետք ջրել եւ այլն: Քանի որ խմբակում նախագծերի համար նախատեսված դետալները քիչ են, հաջորդ ծրագիրն իրականացնելու համար, հաճախ, ստիպված ենք լինում քանդել նախորդը: Երբ որ կարողանանք շատ նախագծեր վաճառել ու այդ գումարով ավելացնել դետալները, կստեղծենք հիմնական պորտֆոլիո:

Python եւ Java

Էդգար. Ծրագրավորման յուրաքանչյուր լեզու սովորելուց հետո ամրապնդում ենք այն որեւէ նախագիծ իրականացնելով: Օրինակ՝ Python-ի ուսուցումն ավարտելուց հետո մեր թիմով օնլայն նոթատետր ստեղծեցինք, իսկ Java-ն սովորելուց հետո՝ օնլայն գրախանութ: Այժմ առաջնային նպատակն Android ծրագրավորում սովորելն է, որից հետո այս սիմուլյատորները կդառնան մոբայլ հավելվածներ:

photo © Մեդիամաքս


Սպարտակ. Մեր թիմի Python-ի նախագիծը ավտոմեքենաների վարձակալության ծրագիր էր, իսկ Java-ինը՝ համակարգիչների խանութ: Տիրապետում ենք նաեւ ծրագրավորման C լեզվին:

Ապագան IT-ում

Սպարտակ. Տեխնոլոգիական գիտելիքները նաեւ տանն եմ օգտագործում: Օրինակ՝ ավտոմատացրել էի տան լույսը. ծափով էր միանում: Այժմ աշխատում եմ այն սմարթֆոնով կառավարվող դարձնելու ուղղությամբ:

Ով ինչ անսարք կենցաղային իր ունի տանը, բերում է խմբակ, սարքում ենք ու օգտագործում այստեղ:

photo © Մեդիամաքս


Էդգար. Ապագայում ինձ տեսնում եմ IT ոլորտում, ուզում եմ նոր հմտություններ ձեռք բերել ու առաջ գնալ: Առաջիկայում սովորելու ենք արհեստական բանականությանն առնչվող ծրագրեր:

Սպարտակ. Կցանկանայի ապագայում աշխատել բժշկական սարքավորումները կատարելագործելու ուղղությամբ: Երազանքս էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերություն ստեղծելն է, քանի որ Հայաստանում մեքենաների մեծ մասը բենզինային շարժիչով են, որն աղտոտում է մեր մթնոլորտը: Կցանկանայի ուղղել դա:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի