10:38 | 25.10.19 | IT պատանիներ | exclusive 208597

IT պատանիներ. Գրիգոր, Նարեկ եւ Արթուր

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

***
Whiz Code Academy-ի սաներ Գրիգոր Աբրահամյանը, Նարեկ Դեմիրճյանը եւ Արթուր Գասպարյանը ստեղծել են ռոբոտ, որն իրենից ներկայացնում է անօդաչու, ինքնավար դպրոցական ավտոբուս: Ռոբոտի նպատակն է երեխաներին իրենց տներից տեղափոխել դպրոց: Մեկ այլ նպատակ է կրպակից սնունդը տեղափոխումը դպրոցի ճաշարան: Առաջադրանքը ռոբոտը կատարում է 2 րոպեում:

photo © Մեդիամաքս

Ռոբոտը ներկայացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին, որտեղ տղաների թիմը ազգային փուլի ընդհանուր արդյունքներով լավագույն արդյունք է արձանագրել։

Գրիգոր Աբրահամյան, 9 տ., Երեւան

Չեմ հիշում, թե երբ եմ սկսել հետաքրքրվել տեխնոլոգիաներով: Մոտ 8 ամիս է հաճախում եմ ռոբոտաշինության դասերի: Ես եմ խնդրել ծնողներիս, որ ինձ ռոբոտաշինության խմբակ բերեն:

photo © Մեդիամաքս

Ես ռոբոտներ պատրաստել շատ եմ սիրում, եւ այդ պրոցեսն ինձ համար բարդ չէ: Ռոբոտներ սիրելը կապված է լեգոներ սիրելու հետ:

Չեմ մտածել, թե երբ մեծանամ, կշարունակե՞մ ռոբոտաշինությամբ զբաղվել, թե՞ ոչ: Կցանկանամ ապագայում խոսող ու շարժվող ռոբոտ ստեղծել:

Նարեկ Դեմիրճյան, 8 տ., Երեւան

Մինչ ռոբոտաշինությունը, ծրագրավորման դասերի եմ գնացել, դրանց ավարտից հետո սկսեցի ռոբոտաշինություն սովորել:

photo © Մեդիամաքս

Կցանկանամ ապագայում Google-ի ծրագրավորման բաժնում աշխատել:

Արթուր Գասպարյան, 9 տ., Երեւան

Մայրիկս առաջարկեց ինձ գնալ ռոբոտաշինության դասընթացների, եւ ես համաձայնեցի: Ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինեն այդ դասընթացները: Ռոբոտը պատրաստելու եւ ծրագրավորելու գործընթացն ինձ դուր եկավ:

Այդ ռոբոտով մասնակցեցինք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին:

Երբ մեծանամ, ցանկանում եմ բլոգեր - գեյմեր դառնալ: Ցանկանում եմ տեսանյութեր նկարել, որտեղ դիտողների համար խաղեր կբացահայտեմ:

photo © Մեդիամաքս

Անկեղծ ասած, այդքան էլ չեմ ուզում խորանալ ռոբոտաշինության մեջ: Իրականում բարդ է, օլիմպիադային մասնակցելուն պատրաստվելիս, օրինակ, շատ էինք հոգնել:

Չեմ մտածել, թե երբ մեծանամ, որտեղ եմ ցանկանում աշխատել:

Քանի որ մեր բակն այնքան փոքր է, որ խաղալու տեղ չկա, ստիպված համակարգչի մոտ եմ շատ ժամանակ անցկացնում: GTA եմ շատ խաղում: Ափսոս, որ Հայաստանում GTA Online-ը չի աշխատում, այլապես թիմով եւս կխաղայինք:

«Այբ» կրթական հիմնադրամը հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ընկերակցության միակ պաշտոնական ներկայացուցիչը եւ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի`ՌՀՕ (WRO) ազգային փուլի միակ կազմակերպիչը Հայաստանում: ՌՀՕ-ի շրջանակներում հայաստանյան թիմերի ցանկացած ընկերական եւ միջազգային մրցաշարի մասնակցություն իրականացվում է «Այբ» հիմնադրամի երաշխավորմամբ եւ համաձայնությամբ:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի