11:42 | 19.05.21 | Նորություններ | 1345
Սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում տեղի է ունենալու Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը, որի նպատակն է գտնել նոր լուծումներ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, կարեւորելով մրցույթի նախաձեռնությունը, նշել է․ «Կարեն Վարդանյանի հիշատակը վառ պահելու համար ամենալավ միջոցներից մեկն իր սկսած գործը շարունակելն է եւ հնարավորինս լավ արդյունքներ գրանցելը։ Դրոնները լայն կիրառություն պետք է ունենան բոլոր ռազմավարական կառույցների համար․ մասնակիցներին կխնդրեմ հնարավորինս հավակնոտ խնդիրներ դնել իրենց առջեւ, եւ նույնիսկ առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրներին հնարավոր լուծումներ գտնել հենց այսօր»։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացած ընկերություններ։ Համապատասխանաբար՝ առաջադրվող խնդիրները լինելու են սկսնակ, միջին եւ բարդ մակարդակի։
Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են հետեւյալ հղումով եւ ընդունվում են մայիսի 6-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։ Հայտերի ընդունման ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվի առաջադրանքների նկարագրությունը։
Մրցույթն իրականացվում է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում։