16:15 | 03.05.21 | Նորություններ | 939

Իջեւանում մեկնարկում են ծրագրավորման անվճար դասընթացները

Մայիսի 4-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում կկայանա «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի պաշտոնական մեկնարկին:

Ծրագրավորման անվճար դասընթացների մեկնարկին միջոցառման կազմակերպիչները կներկայացնեն ընդհանուր տեղեկություններ ծրագրի մանրամասների վերաբերյալ, կներկայացնեն ծրագրի հիմնական շահառուներին։

Բացման արարողությունը կմեկնարկի ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ու կօրհնվի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմից:

Ողջույնի խոսքով կներկայանան ծրագրի կազմակերպիչները եւ գործընկերները՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն, «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը:

Մարզային աջակցման ու զարգացմանն ուղղված ծրագրի ակնկալիքները հյուրերի կողմից ներկայացնելուց հետո իրենց պատկերացումները կներկայացնեն նաեւ ծրագրի մասնակիցները:

Ծրագիրը կօգնի Տավուշի մարզի Նոյեմբերյանում, Բերդում եւ Իջեւանում ապրող 100 անհատի, որոնք արցախյան իրադարձությունների արդյունքում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում, ունեն աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն ձեռք բերելու եւ աշխատանքով ապահովված լինելու խնդիր: Նախաձեռնության թիրախ խմբի անդամները  հնարավորություն ունեն ստանալ՝

•    Ծրագրավորման գիտելիքներ եւ հմտություններ
•    Ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման գիտելիքներ եւ հմտություններ
•    Հոգեբանական աջակցություն

Դասընթացների ամբողջ տեւողությունը 8 ամիս է, իսկ ընդհանուր ծրագիրը՝ 10 ամիս:
Մենք  վստահ  ենք, որ Արցախյան պատերազմից հետո  սեփական կարիքները ինքնուրույն հոգալու համար աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն ձեռք բերելու միջոցով կարելի  է բարելավել կյանքի որակը եւ ապահովել դինամիկ զարգացում, հատկապես, որ ծրագրավորման  ծառայությունների մատուցումը հասանելի նաեւ ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անհատների համար:

«Հայաստանը  բնական  սուղ պաշարներով եւ դեպի ծով ելք չունեցող երկիր է, շրջապատված երկու թշնամական պետության՝  Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններով: Գտնվելով աշխարհաքաղաքական  բարդ  իրավիճակում եւ հայտնվելով հետպատերազմյան  ծանր վիճակում՝ նույնիսկ  այսօր մեր երկրում առկա է մարդկային հզոր կապիտալ, որը բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ կարող է երկրի համար  գերակա դիրք ապահովել՝ տարածաշրջանում բեկում մտցնելով, ապահովելով անվտանգություն եւ կայուն զարգացման հեռանկար:  Այսօր կենսական անհրաժեշտություն է տեխնոլոգիաների զարգացման բաղադրիչները  գործարկել կրթության բոլոր փուլերում՝  նախադպրոցական, դպրոցական, բուհական եւ ակադեմիական: Մեր  նախաձեռնությունը սահմանափակ ֆիզիկական եւ սոցիալական հնարավորություններով մարդկանց համար պայմաններ է ստեղծում ձեռք բերել մասնագիտություն, միտված է ներկայի կարիքների բավարարմանը եւ ունի հեռավար նպատակ՝ մտքի ուժով եւ զարգացած տեխնոլոգիաներով լինել առաջատարը  Կովկասում եւ ձեռք բերել խաղաղ գոյություն ապահովելու եւ զարգանալու երաշխիք»,- հայտնել է «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը:

«Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրն ուղղված է սահմանամերձ բնակավայրերում գործազրկության նվազմանը, երիտասարդության զբաղվածության ապահովմանը,  աշխատանք գտնելու խնդիրների  լուծմանը, հատկապես այն երիտասարդների համար, որոնց կյանքն առանց այդ էլ տարիներ շարունակ թշնամու կրակի տակ է եղել, իսկ 2020 թվականի Արցախում սանձազերծված պատերազմից հետո ավելի կարեւոր է լուծել հայրենիքի պաշտպանությանը նվիրված մեր հայրենակիցների զբաղվածության հարցը: Նոր տեխնոլոգիական լուծումներն ու թվային տեխնոլոգիաների կարողությունների ձեռքբերումը հնարավորություն կստեղծի շատ ավելի հեշտությամբ լուծել բարձր վարձատրվող աշխատանք գտնելու խնդիրը»,- հայտնել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։