16:09 | 28.04.21 | Նորություններ | 2637
2020թ. պատմության մեջ կամրագրվի որպես համաշխարհային տարաբնույթ փորձությունների տարեգրություն։ Իսկ մեզ՝ հայերիս համար, նաեւ պատերազմական ու անդառնալի կորուստների պատմական էջ:
Սերունդներին պատերազմական օրերին արձանագրված փաստերը փոխանցելու անհրաժեշտությունից ելնելով, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթ:
Մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով աշխարհին ցույց տալ 21-րդ դարում՝ առաջադեմ հասարակության աչքի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացված այդ աննախադեպ ոտնձգության, բանակի ու աշխարհազորի ցուցաբերած հերոսությունների եւ միասնական համահայկական թիկունքի պատմագրությունը:
«Մեր մտքի ճկունության եւ տոկունության շնորհիվ վստահաբար կկարողանանք մեր ուսերից թոթափել այս պատմական բեռն ու կրկին ոտքի կանգնել եւ առաջ շարժվել՝ ամրացնելով մեր պետականության հիմքերն ու կերտելով նոր հաղթական ճանապարհներ։ Եվ անհրաժեշտ է նաեւ ստեղծագործ մոտեցման շնորհիվ սերունդներին փոխանցել պատերազմական օրերին արձանագրված փաստերը»,- նշում են հիմնադրամում:
Մրցանակային ֆոնդը 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի 3 թեմատիկ ուղղություններում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջեւ՝ հետեւյալ անվանակարգերում՝
• Վայրագություններ մարդկության դեմ,
• Հերոսապատումներ,
• Միասնական թիկունք։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 15-ը, ժամը 23։59 (Երեւանի ժամանակով) ներառյալ։ Հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ եւ ներբեռնել ներկայացվող լուսանկարները:
Հիմնադրամում նշում են, որ ընդունվում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ: Հաղթող կճանաչվեն յուրաքանչյուր թեմային առնչվող լավագույն ու տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։ Մանրամասները հասանելի են այստեղ:
Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 11 219797 հեռախոսահամարով կամ info@eif.am էլ․փոստի հասցեով։