18:08 | 15.04.21 | Նորություններ | 2196

Գիտության ապագան Հայաստանում՝ Krisp-ի ու YerevaNN-ի կանխատեսումները

«Գիտուժ» նախաձեռնությունն ապրիլի 10-ին «Գիտություն-լրագրող-մեդիա. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում էր կազմակերպել՝ նպատակ ունենալով խթանել եւ աջակցել գիտական լրագրության զարգացմանը Հայաստանում։

Սեմինարի ընթացքում գիտության, տեխնոլոգիական համայնքի եւ լրագրության ոլորտի ներկայացուցիչները խոսել են հայաստանյան եւ արտասահմանյան փորձի, գիտություն-տնտեսություն կապի, գիտությանն առնչվող թեմաների լուսաբանման նրբությունների եւ մասնագիտական առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ գիտության մեջ առկա խնդիրների եւ գիտական լրագրության զարգացման հեռանկարների մասին։

photo © Մեդիամաքս


Itel.am-ը գրի է առել հատվածներ «Krisp» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արտավազդ Մինասյանի ու «YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի ելույթներից, որոնք վերաբերել են տեխնոլոգիական ընկերության եւ տեխնոլոգիական համայնքի հաջողելու գործում գիտության դերին։

Ի՞նչ դեր ունի գիտությունը $125 միլիոն արժեք ունեցող ընկերություն ստեղծելու գործում

Ներկայացնելով «Krisp»-ի օրինակը, որը գիտական հայտնագործության վրա հիմնված տեխնոլոգիական ընկերություն է, Արտավազդ Մինասյանը որպես առաջին հաջողություն նշել է ԽՍՀՄ-ից մնացած ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուղղությամբ գիտական բազան, որով հնարավոր է եղել կարճ ժամանակահատվածում իրենց գիտական խումբը վերափոխել ընկերության:

Ներկայում 4 գիտական խնդրի (ձայնի տարանջատումն աղմուկից ու աուդիոձայներից, ձայնից զգացմունքների ճանաչում, խոսքից տեքստի վերածում եւ վիդեոսեգմենտավորում) վրա աշխատող ընկերությունը արդեն շուրջ 110 աշխատակից ունի եւ դեռեւս վեց ամիս առաջ գնահատվում էր 125 մլն դոլար:

photo © Մեդիամաքս


«2016-ին 6 գիտնական ընկերներիս հետ՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդները՝ խնդիր վերցրեցինք լուծել հեռախոսային խոսակցություններից աղմուկի հեռացման հարցը: Սկսեցինք աշխատել ու մեկ տարի անց արդեն տեխնոլոգիա ունեինք, որն այդ պաhին աշխարհում լավագույններից էր: 2017-ին որոշեցինք ընկերություն հիմնադրել, 6 ամիս հետո ստացանք մոտ կես միլիոն դոլարի ներդրում, իսկ երկու տարի հետո մեր պրոդուկտը հանեցինք շուկա»,- պատմել է Արտավազդ Մինասյանը՝ նշելով, որ աշխարհի 100 խոշոր ընկերություններից մոտ 30-ը «Krisp»-ի հաճախորդ է արդեն:

Չնայած սեփական ընկերության հաջողված օրինակին՝ նա մտահոգություն ունի, որ «գիտությունը Հայաստանում մահանում է եւ շատ քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին «Krisp»-ի նման գիտական հայտնագործության վրա հիմնված այլ տեխնոլոգիական ընկերություններ կստեղծվեն»:

Նրա խոսքով՝ առաջին լուրջ մարտահրավերը գիտնականների պակասն է եւ Հայաստանի շատ սահմանափակ ռեսուրսները:

«Երկու ընտրություն ունենք՝ կամ գնալ շատ քիչ քանակությամբ գիտնականներին համոզել գործունեությունը վերափոխել արտադրության՝ արդյունքում վնասելով գիտության զարգացմանը, կամ դրսում փորձել այս ուղղությամբ գիտնականներ գտնել ու ներգրավվել մեր ընկերություն»,- ասել է նա:

Ինչո՞ւ է տեխնոլոգիական համայնքին պետք գիտություն

«YerevaNN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը նշել է, որ «Krisp»-ի նման շատ քիչ ընկերություններ կան այսօր Հայաստանում, որոնք օգտվում են ամենաթարմ գիտելիքից: Սակայն հենց այսպիսի ընկերություններն են մեծ արժեք ստեղծում:

«Մեր երկրում տեխնոլոգիական ոլորտը գիտահեն չէ: ՏՏ ընկերություններ կան, որոնք լավ գործ են անում, լավ գումար են աշխատում, բայց չեն հիմնվում ամենաթարմ գիտելիքի վրա»,- ասել է նա:

Հրանտ Խաչատրյանը Հրանտ Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Լավ գիտնականներ ունենալու համար սկզբում որակյալ կրթություն է հարկավոր, իսկ դասախոսները ոչ միայն արդեն տպագրված գրքերով պետք է դասավանդեն, այլեւ ուսանողին տան ամենաթարմ գիտելիքները՝ ուղղորդելով նրանց կարդալ գիտական հոդվածներ։ Հրանտ Խաչատրյանը կարեւոր է համարում ուսանողի մեջ հետազոտողի հմտություններ զարգացնելը, որպեսզի հետագայում այդ ուսանողները հեշտությամբ զբաղվեն գիտությամբ եւ հետազոտություններով։

Հրանտ Խաչատրյանն ընդգծել է բուհական համակարգում գործող գիտնականների աշխատանքի կարեւորությունը.

«Գիտությունը զարգանում է, իսկ թարմ գիտելիքները չեն հասնում ուսանողներին: Այստեղ մեծ դեր ունեն գիտնականները: Երբ իրենց ներգրավում ենք կրթության պրոցեսի մեջ, թարմ գիտելիքն ուսանողին հասցնելու շանսերը մեծանում են: Դրա համար այն համալսարաններում, որտեղ շատ են գիտնական դասախոսները, ուսանողները շատ նոր գիտելիք են ստանում»:

Հրանտ Խաչատրյանը Հրանտ Խաչատրյանը
photo © Մեդիամաքս


Նրա խոսքով՝ Հայաստանում մագիստրոսական կրթությունը բակալավրիականից գրեթե չի առանձնանում իր թարմությամբ, իսկ լավ բուհերում հիմնականում դասավանդում են բացառապես գիտնականներ:

Արփի Ջիլավյան