16:53 | 12.04.21 | Նորություններ | 986

Telegram բոտը Գագարինի տիեզերական թռիչքը վերապրելու հնարավորություն կտա

Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի եւ օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի ծրագրավորողները՝ մարդու տիեզերական առաջին թռիչքի 60-ամյակին ընդառաջ, Telegram-ում հատուկ բոտ են ստեղծել (@gagarin_poehali_bot):

Բոտը թույլ կտա սմարթֆոնի օգնությամբ վերստեղծել Յուրի Գագարինի պատմական թռիչքի իրադարձությունների հաջորդականությունը: Հիմքում ընկած են իրադարձության վավերագրական փաստերը:

«Որոշեցինք ստեղծել Telegram-բոտ, որը թույլ կտա առավելագույն ներգրավմամբ վերապրել այդ իրադարձությունը: Տեսանյութերը, աուդիո եւ տեքստային բանակցությունները կգնահատեն հատկապես նրանք, որոնք հետաքրքրված են հայտնագործություններով, տիեզերքով, ծրագրավորմամբ»,- նշել է համալսարանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոստեւը:
 
Բոտին հարցեր ուղարկելով եւ նրա հարցերին պատասխանելով, հնարավոր է րոպեների ճշտությամբ վերստեղծել ապրիլի 12-ի իրադարձությունները:

Հիշեցնենք, որ 1961թ. ապրիլի 12-ին Յուրի Ալեքսեյի Գագարինն աշխարհում առաջինը «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով թռավ եւ 1 ժամ 48 րոպե պտտվեց երկրագնդին մոտ տիեզերական տարածությունում: