15:14 | 12.04.21 | Նորություններ | 1329
Ապրիլի 9-ին հայտարարվեց ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի Աքսելերատոր #5 vol. 3-ի պաշտոնական բացումը։
2021թ. ծրագիրը նպատակ ունի աջակցել 200 կանանց եւ աղջիկների, ինչպես նաեւ 50 երեխաների՝ օգնելով նրանց մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ, իրականացնելով տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության դասընթացներ։
Ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, այսպիսով մասնակցությունը չի պահանջում նախնական գիտելիքներ։
Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկայի բացման խոսքով, որին հաջորդեց Աքսելերատոր #5 vol. 3 ծրագրի ներկայացումը։
Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները եւ ծնողները հնարավորություն ստացան ուղղել իրենց հարցերը եւ մասնակցել «Աղջիկների եւ կանանց համար STEM կրթության եւ թվային հմտությունների կարեւորությունը» թեմայով քննարկմանը, որի խոսնակներն էին «Արիբաս» կրթական տեխնոլոգիական նախաձեռնության հիմնադիր Լիլիթ Մովսիսյանը, «Արեւաթեւ» ցերեկային ճամբարի համահիմնադիր, հոգեբան Տաթեւիկ Աբրահամյանը, #125 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Եփրաքսիա Ալավերդյանը։ Քննարկման մոդերատորն էր ՄԱԶԾ ImpactAim աքսելերատորի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը։
Աքսելերատոր #5-ի 3-րդ փուլը ներկայացնում է երեք հիմնական ուղղություններ եւ երկու ճամբարներ: Ուղղություններից երկուսը կսկսվեն ապրիլի 12-ից։
Ծրագրի 2 ուղղությունները՝
15+ կանայք եւ աղջիկներ - նախատեսված է կանանց եւ աղջիկների խոցելի խմբերի համար՝ նպատակ ունենալով նրանց սովորեցնել տեխնոլոգիական եւ բիզնես հմտություններ՝ շաբաթական սեմինարների/դասընթացների միջոցով։ Նրանք հնարավորություն կունենան նաեւ հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ վերջիններս ներկայացնելով հեքըթոնի եւ մի շարք այլ միջոցառումների ժամանակ:
8-14 տարեկան աղջիկներ - այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-14 տարեկան աղջիկներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Աքսելերատոր #5 ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագրավորում, ստեղծել խաղեր եւ թիմային աշխատանքներով մասնակցել հեքըթոնի եւ այլ ընթացիկ նախագծերի։
Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է The United Nations (UN) COVID-19 Response and Recovery Multi-Partner Trust Fund (COVID-19 MPTF)-ի կողմից։