17:06 | 11.02.21 | Նորություններ | 2430

Հայաստանում 300 տեսակի ծառայություն եւ 150 լիցենզիա հնարավոր կլինի ստանալ առցանց եղանակով

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, որի իրականացման արդյունքում, մասնավորապես, գյուղական համայնքներում կավելանա բարձրորակ ինտերնետի հասանելիությունը՝ դառնալով 80 տոկոս ներկայիս 40 տոկոսի փոխարեն:

Շուրջ 300 տեսակի ծառայություններ ու 150 լիցենզիաներ հնարավոր կլինի ստանալ առցանց եղանակով։  

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ մինչեւ 2025թ. առաջին փուլի միջոցառումների շրջանակում նախատեսվում է թվայնացման գործընթացների ստանդարտների տեղայնացում, կիբեռանվտանգության միջազգային ստանդարտների տեղայնացում եւ այլն:

«Մինչեւ 2025թ. կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ Իրավաբանական անձանց ու ՏԻՄ-ի հետ հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը բացառելու է քաղաքացուց տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն առկա են էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում»,– ասել է Հակոբ Արշակյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ առաջիկայում նաեւ տուգանք է սահմանվելու քաղաքացուց նույն տվյալը պահանջելու համար։ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաեւ այն ծրագրերին, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են: Մասնավորապես, պետական եւ համայնքային շուրջ 400 ծառայություններից օգտվելու համար մինչեւ 2022թ. մշակվելու են հեռախոսային հավելվածներ: