13:23 | 19.01.21 | Նորություններ | 4912

42 Երեւան ծրագրավորման միջազգային դպրոցը բացել է դռները

Հունվարի 18-ին տրվել է 42 Երեւան ծրագրավորման միջազգային դպրոցի դասերի մեկնարկը:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի մաս կազմող դպրոցը ֆրանսիական աշխարհահռչակ 42 ծրագրավորման ցանցի 30-ից ավելի կենտրոններից մեկն է:

Ցանցը դպրոցներ ունի նաեւ Սան Ֆրանցիսկոյում, Սեուլում, Ռիո դե Ժանեյրոյում, Ամստերդամում եւ այլուր: Մինչ ԵՄ Թումո համալիրի կառուցումը, ծրագիրը գործելու է Երեւանի Թումոյի տարածքում:

42 Երեւանի ուսանողները սկսեցին իրենց կրթական ուղին` մուտք գործելով ծրագրի նորարար, խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմ. «Ինձ համար 42-ը պարզապես ուսումնական կենտրոն չէ, այլ հարթակ է, որտեղ ես կարող եմ գաղափարակից ընկերներ գտնել ու միասին անցնել այս ճանապարհը: Ես ցանկանում եմ ապագայում խաղերի ստեղծման ընկերություն հիմնել այստեղի իմ ընկերների հետ ու վերադառնալ 42` կիսվելու փորձով ու ոգեւորելու մեր օրինակով»,- ասում է 21-ամյա Վահագն Գիշյանը:

photo © TUMO


Բացման փոքրիկ միջոցառմանը 42 էր այցելել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը. «Կարծում եմ, ԵՄ Թումո համալիրը հիանալի հարթակ է երիտասարդների համար` զարգացնելու իրենց հմտությունները, հատկապես նման բարդ ժամանակներում: Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարածաշրջանի Սիլիկոնյան հովիտը, սա արտակարգ մեկնարկ է»,- ողջույնի խոսքում նշել է դեսպանը:

2020թ. ամռանն ու աշնանը դպրոցի ընդունելությանը միացել է 4000-ից ավելի մասնակից: Անցնելով քննական մի շարք փուլեր` նրանցից 160-ն ընդգրկվել են դպրոցի հիմնական ծրագրում: Ուսանողներին սպասում է կրթական 3 փուլ` հիմունքներ, մասնագիտացում եւ պրակտիկա: Ինչպես ցույց է տալիս 42-ի միջազգային փորձը, ուսանողների ճնշող մեծամասնությունը, միջինում 2 տարվա ուսումից հետո, գտնում է բարձր վարձատրվող աշխատանք ոլորտում:

Բացման օրն արդեն ակտիվորեն իր ինքնուսուցումը սկսած 22-ամյա Անի Հովհանիսյանի երազանքն է ստարտափ ստեղծել. «Ես ցանկանում եմ կրթությունն ավելի հասանելի դարձնել հավելվածների միջոցով: Այս գործում շատ կարեւոր է հավելվածների որակն ու դրանց նկատմամբ ստեղծագործ մոտեցումը, հենց այդ պատճառով էլ պատրաստվում եմ կենտրոնանալ վեբ հավելվածների ոլորտում հմտանալու վրա»:

42-ի ուսումնական պլանն առաջարկում է 100-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Ոլորտի հիմունքներին ծանոթանալուց հետո ուսանողները ընտրում են իրենց մասնագիտացման ոլորտը` արհեստական բանականությունից ու կիբեր անվտանգությունից մինչեւ խաղերի ստեղծում:

«Այս ծրագիրը առանձնահատուկ է, քանի որ պատրաստում է շատ «դիմացկուն» ծրագրավորողներ։ Իհարկե, շուկային լավ մասնագետներ տալը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է պատրաստել մասնագետներ, ովքեր իրենց հետեւից կտանեն ոլորտը։ Այդ ամենն իրենք կարող են անգամ թիմով անել, որովհետեւ կրթական ծրագրի գլխավոր գաղտնիքներից մեկը համագործակցային ուսումն է` այստեղ չկան ուսուցիչներ»,- նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրը կրթական ու տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության եւ աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: