12:00 | 18.01.21 | Նորություններ | 3111

Էջմիածնի սարքաշինական գործարանում քաղաքացիական եւ ռազմական նշանակության սարքեր են մշակվում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 16-ին այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան, որի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական եւ ռազմական նշանակության սարքեր են:

Դրանցից են՝ օդանավերի լուսատու սարքերը, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումները եւ ոչ միայն:

Նախարարին մանրամասն ներկայացվել են գործարանում ներկայումս ընթացող արտադրական գործընթացներն ու առկա հնարավորությունները:

Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրել է, որ   գործարանում կան նաեւ խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել: Նշվել է նաեւ, որ Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող եւ ստուգող լաբորատորիաներով:

Հակոբ Արշակյանը կարեւորել է հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական գործընթացն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական   արտադրանքի կիրառության կարեւորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում:

Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասել է, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Գործարանում ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում: