17:22 | 12.11.20 | Նորություններ | 3861

ԱՏՁՄ վարչության հայտարարությունը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչությունը, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
 
«Սեպտեմբերի 27-ը եւ, ի վերջո, նոյեմբերի 10-ը ճակատագրական էին բոլորիս համար: Մենք հայտնվեցինք մի իրականության մեջ, որը կարող էինք պատկերացնել միայն վատագույն երազում։ Այժմ էլ դեռ կանգնած ենք մեծագույն մարտահրավերի առաջ։  Երկրի կայունության ապահովումը, դասելով ամեն ինչից վեր, եւ միաժամանակ գիտակցելով մեր ընդհանուր ապագայի հանդեպ այսօրվա հրամայականը՝ բարձր տեխնոլոգիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս եւ խմբերս հայտնում ենք հետեւյալը.

●    Պետք է հետեւել բանականության հրամայականին եւ չգնալ ավելի կործանիչ քայլերի՝ տրվելով ներքին ապակայունացնող զարգացումներին։ Երկրում անհրաժեշտ է պահպանել կայունություն եւ ապահովել գործողությունների անցնցում զարգացում։ Տեղեկատվության առկա վակուումի պայմաններում, ցանկացած կտրուկ քայլ լուրջ վտանգներ է պարունակում։
 
●    Պետականության կայացման գործընթացում անկյունաքարային է գործող իշխանության կողմից սեփական մեղքի գիտակցումը։ Կառավարությունից պահանջում ենք, որ իրենց պատասխանատվության ստանձման խոստումը օր առաջ վերածեն առարկայական գործընթացի։

Ներկայիս իրավիճակի պատասխանատվության մեր բաժինը գիտակցում ենք թե՛ մասնագիտական համայնքի, թե՛ անհատական մակարդակում: Միայն վերջին 44 օրում բոլորիս համախմբումը ցույց տվեց, թե ինչպիսի իրական ներուժ ունենք՝ հստակեցված ազգային օրակարգի ու ԲԱՆԱԿ-ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ամուր կապի դեպքում։ Մենք արդեն ձեւավորել ենք այդ օրակարգը մեզ համար, պատրաստ ենք համագործակցել եւ առաջարկում ենք, որ նման օրակարգ ձեւավորեն նաեւ մյուս ոլորտների մասնագետները։

Սիրելի՛ հայրենակիցներ, ամրապնդենք այն բոլոր խմբերը, որոնց հետ աշխատում էինք այս օրերին, ներգրավվենք որեւէ խմբի աշխատանքներին կամ նախաձեռնենք նորերը, զինվորագրվենք հզոր պետություն կառուցելու օրակարգին:

ԱՏՁՄ (Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն)
 
Techնոտուն Ակումբ»։