17:43 | 09.11.20 | Նորություններ | 4429

Ամփոփվել են «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ կայացած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի արդյունքները

2020թ. նոյեմբերի 8-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) ազգային փուլը:

ՌՀՕ ազգային փուլի կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է, որն արդեն 5-րդ տարին անընդմեջ հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական ներկայացուցիչը եւ կազմակերպիչը Հայաստանում: Մրցույթի անցկացման գլխավոր գործընկերն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը:  

Այս տարի ռոբոտները լուծում են տարբեր խնդիրներ՝ պայքարելով կլիմայական տարբեր խնդիրների հետ ու նվազեցնելով մարդկային կորուստները․ ըստ տարիքային խմբերի առաջադրանքները բարդանում են։

Մրցույթի WeDo տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Շուշի թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ Ստեփանակերտ թիմը եւ ավագ տարիքային խմբում՝ Ֆիզմաթ NGN թիմը։

Հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակը՝ այս տարի ՌՀՕ ազգային փուլն անցկացվեց նոր եւ աննախադեպ հիբրիդային ձեւաչափով՝ առցանց եւ անցանց: Նույն պատճառով պայմանավորված միջազգային փուլը եւս տեղի կունենա առցանց տարբերակով:

ՌՀՕ հայաստանյան մրցաշարի այս տարվա կարգախոսն է «#Հաղթելուենք ստեղծելով. մեր երկրին ինժեներական միտք է պետք»: Ազգային փուլին մասնակցելու եւ իրենց նորարական լուծումներն առաջարկելու համար  այս տարի կազմավորվել էր 9 թիմ:     

«Տարեսկզբից բոլորս դիմակայում ենք մեկը մյուսին հերթագայող փորձություններին, որոնց թիրախում են նաեւ երեխաները: Այսօր առավել քան երբեւէ տեսանելի է, որ մեր երկրին ինժեներական միտք է պետք, իսկ ՌՀՕ-ն այդ ուղղությամբ իրականացվող լավագույն միջոցառումներից է:   «Ռոստելեկոմ» ընկերությունը գործադրում է բոլոր ջանքերը կրթության շարունակականությունն ապահովելու եւ անհրաժեշտ ուղղություններով նոր հմտություններ ձեւավորելու համար: Մենք պետք է անենք ամեն հնարավորը երեխաների շրջանում դեռ վաղ տարիքից դեպի գիտություն սեր սերմանելու ուղղությամբ: Կրթությունն է բոլոր ասպարեզներում հաղթական ելքի երաշխիքը»,- նշել է Ռոստելեկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:    

«Ռոստելեկոմ» ընկերությունն իր մեծ ներդրումն ունի երեխաների շրջանում ռոբոտաշինության, ծրագրավորման եւ նախագծման զարգացման գործում: Ընկերությունն արդեն երրորդ տարին է աջակցում է մրցաշարի անցկացմանը՝ հնարավորություններ ստեղծելով հայ երեխաների համար Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ:

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։
«Մարտահրավերներով լի այս տարում ուրախ եմ, որ կարողացանք գտնել այն նորարարական լուծումները, որոնք հնարավորություն տվեցին մեր երեխաներին մասնակցել օլիմպիադային այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան՝ չզրկելու երեխաներին սովորելու, ստեղծելու հնարավորությունից։ Որպես առաջնահերթ ուղղություն՝ ոոբոտաշինության ու բնագիտական առարկաների կարեւորությունը մենք նոր չէ, որ սահմանել ենք, եւ հույս ունենք, որ մեր ջանքերն իրական օգուտ կբերեն մեր երկրին ու առանձին ոլորտների։ Նոր սերունդն ու որակյալ կրթությունը, վստահ ենք, մեզ կբերեն նոր հաղթանակներ»,- նշել է «Այբ» կրթական հիմնադրամի  տնօրեն Սոնա Կոշեցյան:

ՌՀՕ ազգային փուլին այս տարի մասնակցում էին MindCenter, Wizcode, Ֆիզմաթ NGN կրթական հաստատությունները ներկայացնող թիմերը, որոնք հանդես էին գալիս իրենց իսկ նախաձեռնությամբ ընտրված եւ Հայաստան աշխարհը ներկայացնող տեղանունների ներքո: