13:56 | 09.11.20 | Նորություններ | 4138

Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած հայրենակիցների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու եւ տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ ՝ Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում եւ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար:

Մասնավորապես՝ արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ Արցախից ժամանած աշակերտները մասնակցում են ութ շաբաթ տեւողությամբ դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրում են ծրագրավորման տարբեր լեզուներ եւ ձեռք բերում համապատասխան գիտելիքներ՝ խաղերի պատրաստման ծրագրերից մինչեւ տեխնիկական անգլերեն:


Մեկնարկել են նաեւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի եւ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ՝ հատուկ Արցախից ժամանած մեր դպրոցահասակ հայրենակիցների համար կազմակերպվող անվճար դասընթացները: Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն են ստանում խորը գիտելիքներ ձեռք բերել հետեւյալ ուղղություններում՝

- ծրագրավորման լեզուներ (Scratch, Kturtle, HTML, CSS, JavaScript,PHP)
- գրաֆիկական դիզայնի ծրագրեր (Adobe Illustrator, Photoshop)
- Computer network, System administration


Կազմակերպիչների խոսքով, մասնակիցների համար կազմակերպվում են նաեւ ոչ ֆորմալ միջոցառումներ, այդ թվում՝ այցելություններ մշակութային վայրեր, մուլտֆիլմերի եւ ֆիլմերի դիտումներ եւ այլն:

Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետեւյալ հղումով:  

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում էլ արցախաբնակ մեր հայրենակիցները կարող են ամբողջովին անվճար գրանցվել ծրագրավորման հետեւյալ դասընթացներին՝
 
-    ITeens-Web programming for teenagers
-    QA-Quality Assurance
-    Web programming

Այս դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետեւյալ հղումով:

«Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը եւ Հայաստան ժամանած մեր հայրենակիցների համար նոր մասնագիտություններ սովորելու անհրաժեշտությունը, որոշեցինք նաեւ նման դասընթացներ կազմակերպել: Հուսով ենք, որ դրանց արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն որոշակի գիտելիքներ եւ իրենց ուրույն տեղը կգտնեն մեծ պահանջարկ ունեցող տեխնոլոգիական ոլորտում եւ իրենց մասնագիտական հմտությունները կծառայեցնենք հայրենիքի հզորացմանը ու կայուն առաջընթացին»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: