16:42 | 29.10.20 | Նորություններ | 3710

Արհեստական բանականությունը կկիրառվի հարկային ստվերը բացահայտելու համար

Պետական եկամուտների կոմիտեի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են արհեստական բանականության եւ մեքենայացված ուսուցման կիրառմամբ ռիսկերի վերլուծություն իրականացնելու եւ հարկային ստվերը բացահայտելու հնարավորությունները:

Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՊԵԿ-ում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված գործարքների մասին տեղեկատվությունն ստանում է բացառապես էլեկտրոնային եղանակով` առանց տնտեսվարողներին լրացուցիչ ծանրաբեռնելու: Բացի այդ գործում են այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման սխեմաներ։

Միքայել Փաշայանը ներկայացրել է հավաքագրվող տվյալների վերլուծության եւ մեքենայացված ուսուցման բաղադրիչների կիրառմամբ ստացված արդյունքների հստակ օրինակներ, որոնք վերաբերել են հարկ վճարողների փոխկապակցվածությանը, ստվերի բացահայտմանը եւ ապրանքների հետագծելիությանը։

Նա հայտնել է, որ տեղեկատվական բազաների տվյալների հիման վրա Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մշակվել է մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության տարրերով վերլուծական մոդել, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հայտնաբերել ռիսկային հարկ վճարողներին եւ կազմակերպել նրանց նկատմամբ թիրախավորված վերահսկողություն։

Կոնֆերանսի մասնակիցները բարձր են գնահատել նշված ուղղություններով ՊԵԿ-ում իրականացված աշխատանքները։