17:29 | 16.10.20 | Նորություններ | 2326
ՀՀ կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ Վիվա-ՄՏՍ-ը, 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 22.07 մլրդ դրամի հարկ, ինչը 11.1%-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշին:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջիններիս կողմից պետական բյուջե է վճարվել 19.86 մլրդ դրամի հարկ:
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2020թ. երրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 10.36 մլրդ դրամի հարկ, ինչը 55.7%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2020թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 9-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16-րդ տեղի փոխարեն):
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերությունն է՝ 6.3 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 7.3%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 18-րդից դարձրել է 13-րդը:
Խոշորագույն հարկատուների ցանկում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը (17-րդ տեղ 13-րդի փոխարեն), որն, ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 5.45 մլրդ դրամ հարկ, ինչը սակայն 26.1%-ով զիջում է 2019թ. ցուցանիշին:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (113-րդ տեղ՝ 167-ի փոխարեն, 1.21 մլրդ դրամ, աճ՝ 55.5%):
Այվազյան Աննա