16:06 | 25.09.20 | Նորություններ | 19865

ԱրարատԲանկի վերաբրենդավորման նոր սկիզբն ու զարգացման տեսլականը

ԱրարատԲանկն իր հաճախորդներին ներկայանում է նոր գույներով ու գաղափարախոսությամբ: «Բարձրանում ենք միասին»՝ ահա բանկի նոր կարգախոսը, որի շուրջ կառուցված նոր հայեցակարգի մասին ԱրարատԲանկի ղեկավարությունը խոսել է սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած վերաբրենդավորման մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ:

Itel.am-ը ներկայացնում է միջոցառման ընթացքն ու ԱրարատԲանկի զարգացման տեսլականը:

Արժեքների վերաիմաստավորում

Վաղ առավոտյան ԱրարատԲանկի թիմը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին ամենագնաց մեքենաներով ուղեւորվում է դեպի Թեղենիս լեռան գագաթ: Ծովի մակերեւույթից 2851 մետր բարձրության վրա էլ ԱրարատԲանկի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարում են նոր սկզբի մասին:

Միջոցառման մեկնարկի համար այս վայրը պատահական չէր ընտրվել: Թեղենիսի բարձունքից հրաշալի երեւում են համայն հայության համար այնպիսի կարեւոր  խորհրդանիշեր, ինչպիսիք են Արագածի չորս գագաթները, Արա լեռը, Գեղամա լեռնաշղթան, Սեւանա լիճն ու, իհարկե, Արարատը: ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանի խոսքով՝ բանկի վերաբրենդավորման հիմքում հենց իրական արժեքների վերաիմաստավորումն ու միասնականությունն է:

«Կրելով «Արարատ» անվանումը՝ արդեն իսկ պարտավորվում ենք լինել արժանի կառույց, առաջնորդվել կարեւոր արժեքներով ու սկզբունքներով: Այսօր ներկայացնելով վերաբրենդավորված ԱրարատԲանկը՝ մենք մի նոր պատասխանատվություն ենք ստանձնում: Ժամանակակից ծառայությունների մատուցմամբ, առաջադեմ թվային տեխնոլոգիաների ու սպասարկման նոր մոտեցումների կիրառմամբ՝ մենք մարդակենտրոն բանկ դառնալու հայտ ենք ներկայացնում: Դեպի բարձունքներ գնալու ճանապարհին ստեղծելով նոր միջավայր եւ հաճախորդ-բանկ ջերմ հարաբերություններ՝ վստահության ու պատասխանատվության որակապես նոր հիմք ենք դնում»,- նշում է նա:

«Բարձրանում ենք միասին»

ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ բանկն իր զարգացման նոր տեսլականը մշակել է հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների ու արագ զարգացող թվային բանկինգի կարեւորությունը:

«Ժամանակակից բանկը, շնորհիվ ֆինանսական գլոբալացման եւ նորարարական բանկային տեխնոլոգիաների, դարձել է հանրային կառույց, մտել յուրաքանչյուրիս կյանք: Այսօր բանկն ինքնին սոցիալական պատասխանատվություն է: Մեր նոր տեսլականը հենց դրա շուրջ է կառուցված. բանկը պետք է լինի մարդակենտրոն եւ նպաստի մեր հանրության ու երկրի զարգացմանը, արձագանքի ժամանակակից մարտահրավերներին եւ փոփոխություններին: Արարատն այն  եզակի սիմվոլներից է, որ միավորում է ամբողջ հայությանը: Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու, եւ մենք բարձրանալու ենք միասին»,- մանրամասնում է նա:

photo © ԱրարատԲանկ



Ի նշան միասին բարձունքներ նվաճելու բանկի նոր կարգախոսի՝ Մհեր Անանյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը բանկի թիմի եւ հյուրերի ներկայությամբ Թեղենիսի գագաթին բարձրացնում են ԱրարատԲանկի նոր գույներով դրոշը:

Բացելով փակագծերը

Խորհրդանշական մեկնարկից հետո Ծաղկաձորի «Արարատ ռեզորթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում ընթացող «Փոխվստահությունն ու պատասխանատվությունը՝ ժամանակակից բանկի հիմնարար արժեքներ» թեմայով  Fishbowl ձեւաչափով քննարկման ժամանակ բանախոսներն ավելի մանրամասն են անդրադառնում ԱրարատԲանկի վերաբրենդավորմանը:

Խոսելով ժամանակի մարտահրավերների մասին՝ Մհեր Անանյանը ընդգծում է սրընթաց զարգացման պայմաններում իրական արժեքներին հավատարիմ մնալու կարեւորությունը:

«Մարդկանց մի մեծ խումբ կարծում է, որ իր հաջողությունները, առաջընթացն ու բարօրությունը կախված է ոչ թե իրենցից, այլ որեւէ այլ մեկից՝ իրենց ղեկավարներից, երկրի ղեկավարից, նախարարներից եւ այլն: Եվ կան առավել մեծ արժեքներ կրող  մարդիկ, որ շատ լավ գիտակցում են՝ իրենց առաջընթացը կոնկրետ իրենցից է կախված: Մենք ուզում ենք ԱրարատԲանկի շուրջ համախմբել այն մարդկանց, որ վստահ են իրենց ուժերի վրա ու իրենց հաջողությունը կապում են իրենց անձի հետ: Այո´, բանկը հենց այն վայրն է, որտեղ միտքը, աշխատասիրությունը, իղձերն ու նպատակները միավորվում են եւ բանկի միջոցով դառնում իրական արժեքներ»,- նշում է ԱրարատԲանկի գործադիր տնօրենը:

Նա հավելում է, որ վերաբրենդավորմամբ իրենք առաջին հերթին մարտահրավեր են  նետել հենց իրենց եւ պետք է ջանքեր գործադրեն ավելի լավը դառնալու ու անդադար կատարելագործվելու համար:

photo © ԱրարատԲանկ



Գրիգոր Հովհաննիսյանը, խոսելով տեխնիկական առաջընթացին զուգահեռ քայլելու անհրաժեշտության մասին, ընդգծել է նաեւ անհատի, հանրության, հասարակության ու պետական շահի հետ համահունչ ռազմավարություն ունենալը՝ որպես հաջողության գրավական:

«Կարեւոր է, որ բանկը ներգրավված լինի շրջակա միջավայրին առնչվող, հասարակությունն ավելի ներառական դարձնելու, երիտասարդ ընտանիքներին, կին ձեռնարկատերերին, տեխնոլոգիական ստարտափներին աջակցող ծրագրերում: Պետք է ասել, որ ԱրարատԲանկն իր վարկային պորտֆելով թերեւս առաջատարներից է, մենք ներկա ենք վարկավորման բոլոր հատվածներում, բայց պետք է հետեւենք, որ առաջիկայում նշածս ոլորտներն առավել ընդգծված լինեն»,-մանրամասնում է նա՝ հավելելով, որ ԱրարատԲանկը խթանելու է նաեւ սփյուռքահայությանն աջակցող ծրագրերը:

Թեթեւության եւ խստության համակշռում

ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանի խոսքով՝ վերաբրենդավորման անհրաժեշտությունը բխում է մրցակցային առավելությունների հստակ շեշտադրումների եւ վերադիրքավորման անխուսափելիությունից:

«ԱրարատԲանկին այսօր մրցակցությունն է ստիպել ընտրել իր հստակ ուղղությունն ու վերադիրքավորման ճանապարհը, այն է՝ պարզություն եւ թեթեւություն: Մեր հստակ ուղերձն է նաեւ այն, որ բանկերից պետք է չվախենալ: Նպատակային լսարանը պետք է մտնի բանկ եւ դա իր համար լինի հաճելի ժամանց»,- նշում է նա:  

Կարեն Բաբաջանյանի խոսքով՝ ԱրարատԲանկի անվանափոխության հարցն անգամ չի էլ քննարկվել, քանի որ բանկի ղեկավարությունը վստահ է դրա մրցակցային առավելությունների ու նաեւ պարտավորեցնող լինելու մեջ: Վերաբրենդավորման գործընթացում դրված էր խնդիր փոխելու տարբերանշանը՝ դարձնելով այն առավել ժամանակակից ու դինամիկ:

«Պետք էր ստեղծել այնպիսի տարբերանշան, որն իր տեսքով եւ կառուցվածքով կկարողանա հանձնել ժամանակի քննությունը եւ կարճ ժամանակում չի կորցնի արդիականությունը: Ելնելով այս հանգամանքից՝ գնացինք ավելի մինիմալիստական ճանապարհով եւ տարբերանշանը ստեղծեցինք ոգեշնչվելով լեռան գաղափարից»,-հավելում է նա:

ԱրարատԲանկի նոր գույներից դեղինը խորհրդանշում է այն թեթեւությունն ու պարզությունը, որն առկա է բանկի նոր գաղափարախոսության հիմքում: Այն համակշռելու համար բրենդային գույներում է նաեւ սեւը, որն ապահովում է անհրաժեշտ խստությունը, իսկ ֆիրմային տարրերում հաճախ հանդիպող թեք գիծն էլ անդադար բարձրանալու խորհրդանիշն է:

photo © ԱրարատԲանկ



Նոր դիզայն՝ նոր մոտեցումներ

Կարեն Բաբաջանյանը խոսքով՝ առաջիկայում նոր դիզայնը կստանան 3 կենտրոնական մասնաճյուղեր, իսկ մինչեւ տարեվերջ՝ 10 մասնաճյուղեր: Ողջամիտ ժամկետներում ամբողջությամբ կփոխակերպվեն գործող բոլոր մասնաճյուղերը՝ պահպանելով բարձր ստանդարտներ նաեւ մարզերում: Փոփոխության են ենթարկվել նաեւ բիզնես քարտերը, որոնք շատ շուտով հաճախորդները կկարողանան պատվիրել:

Անդրադառնալով թվային բանկինգին՝ Կարեն Բաբաջանյանն ընդգծում է, որ ֆինանսական համակարգում առկա բանկային հավելվածների հաջող օրինակները պարտավորեցնում են անընդհատ կատարելագործվել:

«Թվային հավելվածում մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու UI (user interface), UX (user experience) ասվածին, այսինքն՝ հաճախորդների հարմարավետությանն ու շարունակական մոնիթորինգի արդյունքում համակարգն առավել զարգացնելուն:

Կարեն Բաբաջանյանը հավելում է, որ հաճախորդների համար բանկում հաճելի ժամանցը պարտավորվում են ապահովել մասնաճյուղերում հարմարավետ ինտերիերի, վերապատրաստված սպասարկող անձնակազմի, ինչպես նաեւ ագրեսիվ վաճառողից ընկեր-խորհրդատու դառնալու միջոցով:

«Կա նաեւ հաճախորդների ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման խնդիր: Եթե սպասարկողը ուղղակիորեն այս կամ այն բանկային պրոդուկտի վաճառք չի իրականացնում, այլ նաեւ խորհուրդ է տալիս, նույն հաճախորդը 6 ամիս անց կարող է վերադառնալ շատ ավելի խոստումնալից ծառայության հետեւից: Ինչքան շատ լինի մարդկային շփման պարզությունը, թեթեւությունն ու օպերատիվ արձագանքը, այնքան հարմարավետության զգացողությունը կնպաստի բանկի նկատմամբ հաճախորդի հավատարմությանն ու վստահությանը»,- ամփոփում է նա:

Գայանե Ենոքյան