11:41 | 24.09.20 | Նորություններ | 2181

Հայ հաքերները կարող են մասնակցել Capture the Flag կիբեռանվտանգության առցանց մրցույթին

Սեպտեմբերի 26-ից 27-ը CyHub Armenia նախաձեռնության շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից Հայաստանում կկազմակերպվի միջազգային եւ ամբողջությամբ առցանց Capture the Flag կիբեռանվտանգության մրցույթը, որին բացի հայկական թիմերից, կարող են մասնակցել նաեւ թիմեր ամբողջ աշխարհից:

Մրցույթը կտեւի 24 ժամ։ Լավագույն 3 թիմերը կարժանանան դրամական մրցանակների՝ միջոցառման կազմակերպիչների կողմից։

Մրցույթին մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։  Հայտադիմումը հասանելի է այստեղ։

«Հաշվի առնելով կարանտինային պայմաններում հնարավոր վտանգները, որոշեցինք մրցույթն ամբողջությամբ առցանց իրականացնել եւ միջազգային թիմերին նույնպես հնարավորություն տալ մասնակցել։ Չնայած առցանց ձեւաչափին՝ կունենանք միջոցառման շապիկներ, սթիքերներ, որոնք, ցանկության դեպքում, կտրամադրվեն տեղացի մասնակիցներին։ Բոլոր ցանկացողները կարող են հետեւել միջոցառման հեռարձակմանը, որի ընթացքում կունենանք նաեւ տարբեր հետաքրքիր հյուրեր:

Հավելեմ, որ հայաստանյան թիմերը կստանան նաեւ մասնակցության վկայագրեր, որոնք կհանձնվեն մրցույթի ավարտական միջոցառման ժամանակ, որն արդեն կանցկացվի օֆլայն ձեւաչափով»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար, CyHub Armenia նախաձեռնության համակարգող Մարի Բարսեղյանը:

Capture the Flag-ը համակարգչային անվտանգության միջազգային ձեւաչափի մրցույթ է: Այն նպատակ ունի կրթական վարժությունների եւ առաջադրանքների միջոցով ապահովել համակարգչի անվտանգությունը, ինչպես նաեւ իրականացնել եւ արձագանքել այնպիսի կիբեռհարձակումների, որոնք հնարավոր է, որ պատահեն իրական կյանքում:

CyHub Armenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝  ԵրՄՄԳՀԻ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի եւ IBM-ի աջակցությամբ։