ServiceTitan ընկերությունը հոկտեմբերի 7-ից մեկնարկում է Titan Camp նախաձեռնությունը:
Ընկերությունում նշել են, որ փորձառու ծրագրավորողների համար նախատեսված այս եռամսյա ծրագիրը դասընթաց, սեմինար կամ վերապատրաստում անվանումների փոխարեն Camp անունն ունի, որովհետեւ միաժամանակ ենթադրում է փորձառու .NET մասնագետների համայնքի ստեղծում, տեսական գիտելիքների ընդլայնում եւ open source նախագծի մշակում։
ServiceTitan-ում համոզված են, որ սկսնակ ծրագրավորողներին մասնագիտանալու հարցում օգնելու համար նախ պետք է բավարար փորձառու մասնագետներ ունենալ տեխնոլոգիական համայնքում։ Հենց այդ պատճառով էլ ստեղծվել է Titan Camp-ը, որին կարող են մասնակցել առնվազն երեք տարվա փորձ ունեցող .NET ծրագրավորողները կամ այն մասնագետները, որոնք ցանկանում են այլ ծրագրավորման լեզուներից շատ արագ անցում կատարել .NET-ի։
Նախատեսվում են մասնագիտական խոր դասընթացներ, ինչպես նաեւ React.js-ի ընդհանուր կուրս՝ back-end ծրագրավորողների համար։ Տեսական դասընթացները կվարեն ServcieTitan-ի հայաստանյան գրասենյակի ավագ մասնագետները, իսկ դասընթացներին զուգահեռ, ինչպես նաեւ դրանց ավարտից հետո թիմը միասին կաշխատի նոր open source նախագծի վրա՝ կիրառելով տեսական գիտելիքները։
Նախագիծը կտրամադրվի զբոսաշրջային ընկերություններին ու կօգնի նրանց ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքներն ու նվազեցնել ծախսերը։ Հիմնական նպատակը COVID-ի ընթացքում ամենաշատ տուժած ոլորտներից մեկին օգնելն է ու, միեւնույն ժամանակ, ծրագրավորողների համար համագործակցության հիմքեր ստեղծելը։
Ընկերության թիմը Titan Camp-ի ձեւաչափի, բովանդակության եւ open source նախագծի միտքը զարգացնելու համար մի քանի ամիս է աշխատել: ServiceTitan-ում հույս են հայտնել, որ այս նոր ձեւաչափը կլինի շատ ավելի արդյունավետ, կդառնա միմյանց հարցեր տալու, միասին սովորելու, մոտիվացիան ավելացնելու ու նոր մարտահրավերները միասին հաղթահարելու լավ սկիզբ։
Ծրագրին կարելի է դիմել մինչեւ հոկտեմբերի 2-ը՝
այստեղ։ Հայտադիմումների հիման վրա կկազմակերպվեն կարճ հարցազրույցներ: