Oracle ընկերությունը միացել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում TikTok-ի բիզնեսի ձեռքբերման համար մղվող պայքարին:
CNBC-ի եւ Financial Times-ի տեղեկություններով, այդ նպատակով Oracle-ը վարում է բանակցություններ վենչուրային այն ընկերությունների հետ, որոնք TikTok-ում մասնաբաժին ունեն: Financial Times-ը նշում է, որ խոսքը General Atlantic-ի եւ Sequoia Capital-ի մասին է:
CNBC-ն նշում է, որ սա հետաքրքիր գործարք կարող է լինել, քանի որ Oracle-ը չունի ոչ սոցցանցեր, ոչ վիդեոհարթակներ: Հնարավոր է, որ հետաքրքրությունը կապված է TikTok-ի օգտատերերի անձնական տվյալների հետ, որոնք նա կարող է օգտագործել սեփական մարքեթինգային պրոդուկտները բարելավելու համար:
TikTok-ին ԱՄՆ-ում արգելափակում է սպառնում՝ ամերիկյան եւ չինական իշխանությունների միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին:
ԱՄՆ-ում, Կանադայում եւ մի շարք այլ երկրներում ընկերության բիզնեսի ձեռքբերման ցանկության մասին առաջինը հայտնեց Microsoft-ը: Մյուս ընկերությունը Twitter-ն է, որը ցանկանում է միավորել երկու հարթակները: