11:10 | 17.08.20 | Նորություններ | 2540

«Վերանայիր ապագադ». այսօր կմեկնարկի Ձեռներեցության ամառային փառատոն 2020-ը

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ՁԱՆԿ Կենտրոնը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի եւ Հայաստանի այլ համալսարանների հետ միասին հրավիրում է միանալ Ձեռներեցության ամառային փառատոն 2020-ին:

Առցանց փառատոնը կանցկացվի օգոստոսի 17-23-ին, որի ընթացքում կլինեն դասախոսություններ, սեմինարներ, զրույցներ, պանելային քննարկումներ հայերեն եւ անգլերեն լեզուներով: ESF2020-ը առաջարկում է ընտրել ամենահետաքրքիր ուղղությունը կամ մի քանի դասախոսություն եւ փառատոնի ընթացքում վենչուրային գիտելիքներ ու ոգեշնչում ստանալ հայկական էկոհամակարգի առաջատարներից:

ESF2020-ը կանցկացվի Zoom-ի եւ Facebook-ի միջոցով: Միջոցառման խորագիրն այս տարի «Վերանայիր ապագադ» է։ Փառատոնի թեմայի փիլիսոփայությունը կարիերայի եւ մասնագիտական զարգացման ճկունության գաղափարն է: Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ ոչ ավանդական ձեռնարկատիրական ուղղությունները։

Միջոցառումը կեզրափակի «Ապագայի նորարարը» մրցույթը, որը կառաջարկի տեխնիկական եւ գաղափարի ներկայացման խորհրդատվություն ստարտափ թիմերին կամ անհատներին: Մրցույթի հաղթողները կստանան նվերներ փառատոնի գործընկերներ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի, PicsArt-ի եւ Webb Fontaine-ի կողմից:

ESF2020- ը կազմակերպվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

ESF2020-ի գլխավոր կազմակերպիչն է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության եւ Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնը (EPIC), որը ՀԱՀ-ի ստարտափ ինկուբատորն է եւ օգնում է ուսանողներին, շրջանավարտներին եւ այլ ձեռներեցների զարգացնել իրենց գաղափարները եւ ստեղծել ձեռնարկություն:
 
ESF2020-ի  գործընկերներն են ՀԱՀ Զավեն եւ Սոնա Ակյանի անվան գիտության եւ ինժեներիայի քոլեջը,Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,  PicsArt, Webb Fontaine, Berkeley SkyDeck, եւ Strategic Value Ventures կազմակերպությունները: