12:47 | 16.07.20 | Նորություններ | 2787

Հայտնի են Հայաստանում կանանց եւ տղամարդկանց շրջանում ամենատարածված մեսենջերները

Հայաստանում Viber-ը, Facebook-ը, Zangi-ն եւ Google Hangouts-ն ավելի տարածված են կանանց շրջանում, մինչդեռ Telegram-ը եւ WhatsApp-ն առավել տարածված են տղամարդկանց շրջանում։

Այս մասին են վկայում ԱրԻնսայթս հետազոտական ընկերության՝ Հայաստանի ամբողջ տարածքով՝ շուրջ 10000 հարցվողի շրջանում իրականացված հետազոտության արդյունքները:

15-19 տարեկանների շրջանում ամենատարածված հավելվածները Viber-ը եւ Instagram-ն են, այնինչ մնացած տարիքային խմբերի շրջանում՝ Viber-ը եւ Facebook messenger-ը։ Չնայած որ 15-19 տարիքային խմբում դիտարկվել է բջջային մեսենջեր հավելվածներ չօգտագործողների ամենափոքր մասնաբաժինը, 20-24 տարեկանների խումբն աչքի է ընկնում առավել բազմազան հավելվածների օգտագործմամբ։

Ապրիլ ամսին կանանց շրջանում նկատվել է բջջային մեսենջեր հավելվածներ օգտագործողների ավելի մեծ աճ, քան տղամարդկանց։

Նախորդ ամիսների համեմատությամբ ապրիլ ամսում կանանց շրջանում հատկապես աճել է Viber-ի, Facebook-ի եւ WhatsApp-ի օգտագործումը, տղամարդկանց մոտ՝ Viber-ի եւ Facebook messenger-ի։

Նշենք, որ հետազոտության տվյալները հավաքվել են 2019թ․ նոյեմբերի 28-ից մինչեւ 2020թ․ հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով:

Հարցումն իրականացվել է Հայաստանի 15-64 տարեկան բնակչության, բոլոր բջջային օպերատորների բաժանոդների շրջանում։