11:53 | 15.07.20 | Նորություններ | 3336

Հայտնի են Հայաստանում ամենաշատ կիրառվող մոբայլ մեսենջերները

Հայաստանում ամենատարածված 3 մոբայլ մեսենջեր հավելվածներն են Viber-ը (78%), Facebook messenger-ը (70%) եւ WhatsApp-ը (52%):

Այս մասին են վկայում ԱրԻնսայթս հետազոտական ընկերության՝ Հայաստանի ամբողջ տարածքով՝ շուրջ 10000 հարցվողի շրջանում իրականացված հետազոտության արդյունքները:

Լավագույն հնգյակում են նաեւ Instagram-ը եւ Zangi-ն։ Telegram-ից օգտվում է հայաստանցիների 13%-ը:

Հարցման արդյունքները վկայում են, որ ապրիլ ամսվա ընթացքում 7 տոկոսային կետով աճել է Facebook messenger-ի օգտագործումը, 4 տոկոսային կետով՝ Viber-ի օգտագործումը:



Հետաքրքրական է, որ առանձին բջջային մեսենջեր հավելվածների օգտագործումը նվազել է սահմանափակումների վերացումից հետո: Մասնավորապես՝ հունիս ամսին Facebook messenger-ի օգտագործողների մասնաբաժինը ապրիլի եւ մայիսի համեմատ նվազել է՝ 72%-ից հասնելով 69%-ի, այսինքն՝ այն մակարդակին, որն արձանագրվել էր 2020 թվականի փետրվարին:


Եթե դիտարկենք մեսենջեր հավելվածների օգտագործման միտումները 3 ժամանակահատվածների միջեւ համեմատությամբ, ապա հետազոտության արդյունքները փաստում են, որ տեղաշարժի սահմանափակումների շրջանում ամենաշատն աճել է  Facebook messenger-ի օգտագործումը՝ 68%-ից հասնելով 72%-ի: Սպառման աճի տեսանկյունից Facebook messenger-ին հաջորդում են WhatsApp-ը, Telegram-ն եւ Viber-ը (օգտագործողների մասնաբաժինն աճել է համապատասխանաբար 3.5, 3 եւ 2 տոկոսային կետով):


Երեւանում նկատվել է բջջային մեսենջեր հավելվածներ օգտագործողների աննշան աճ։ Այստեղ ապրիլ ամսից աճել է Facebook messenger, WhatsApp եւ Instagram հավելվածների օգտագործումը, մինչդեռ այլ քաղաքներում ու գյուղերում կտրուկ փոփոխություններ չեն նկատվել։ Երեւանում ապրիլ ամսին կտրուկ աճել է համախառն կերպով բջջային մեսենջեր հավելվածներ օգտագործողների համամասնությունը՝ հասնելով 91%-ի. վերջինս, սակայն աստիճանաբար նվազել է մայիս եւ հունիս ամիսներին՝ կազմելով 86%՝ հունիս ամսվա դրությամբ:


Նշենք, որ հետազոտության տվյալները հավաքվել են 2019թ․ նոյեմբերի 28-ից մինչեւ 2020թ․ հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով:

Հարցումն իրականացվել է Հայաստանի 15-64 տարեկան բնակչության, բոլոր բջջային օպերատորների բաժանոդների շրջանում։