11:12 | 16.07.20 | Նորություններ | 2749

Հայաստանում պետական «Տեխնոլոգիական եւ նորարարական ՀԱԲ» կստեղծվի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է դիզայնի մրցույթ՝ Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական եւ նորարարական ՀԱԲ»-ի ձեւավորման համար:

«Տեխնոլոգիական եւ նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթի մանրամասները հրապարակված են procurement@hti.am պաշտոնական տեղեկագրում եւ իրականացվելու է Armeps էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտերով դիմել կարող են դիզայներական ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունները, որոնք կհամապատասխանեն չափորոշիչներին: Մրցույթին մասնակցության մանրամասները ներկայացված են նաեւ նախարարության պաշտոնական կայքում:

«ՀԱԲ»-ի ընդհանուր տարածքը կազմելու է 682.5 քմ եւ բաղկացած է լինելու աշխատանքային, հանդիպումներ եւ քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման եւ այլ կարեւոր հատվածներից: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին:

Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու ճանապարհին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը եւ Սփյուռքի ներուժը։

Ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկը Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական եւ նորարարական ՀԱԲ»-ի հիմնումն է, որը տեղակայվելու է Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում՝ երկրոդ շունչ հաղորդելով ժամանակին գիտական մեծ նվաճումների հասած գիտահետազոտական կենտրոնին: