08:35 | 01.07.20 | Նորություններ | 16285
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը եւ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
Հուշագրի շրջանակում իրականացվող «Բարեւ բալիկ» նախագծի միջոցով նախատեսվում է արդիականացնել Հայաստանում հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր եւ մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների եւ տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաեւ խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։
Ծրագրի շահառու խմբերն են՝ հղի կանայք, անպտղության խնդիրներ ունեցող անձինք եւ մինչեւ 6 տարեկան երեխաներ ունեցող ծնողները։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է մշակել եւ գործարկել կայքէջ ու բջջային հավելված՝ շահառուներին անհատականացված առողջապահական ծառայությունների ու տեղեկատվության տրամադրման, ծանուցումների ներկայացման, արագ արձագանքման եւ հետադարձ կապի նպատակով։
Իրականացվելու են նաեւ ծրագրի հետ կապված հանրային իրազեկման արշավներ։
Նախաձեռնությունն իրագործվում է Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում։
«Բարեւ բալիկ» ծրագիրը կիրականացնի Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում։