16:49 | 30.06.20 | Նորություններ | 3000

Մարզերի 30 երիտասարդներ Rhinoceros 3D մոդելավորում կսովորեն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ «Բաղիշյան Ջյուլըրի» ոսկերչական ձեռնարկության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նորարարությունն ու տեխնոլոգիաները ոսկերչության ոլորտում» ծրագրի շրջանակում հուլիսի 1-ից կմեկնարկի Rhinoceros 3D մոդելավորման դասընթացները:

Դասընթացները կանցկացվեն հեռավար ձեւաչափով՝ Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների կողմից, որոնց կմասնակցեն Շիրակի եւ Լոռու մարզի 30 երիտասարդներ:

Դասընթացների ավարտին դրական արդյունքներ ցուցաբերած մասնակիցները արտադրական պրակտիկան նույնպես կանցկացնեն հեռավար ձեւաչափով՝ հնարավորություն ստանալով «Բաղիշյան Ջյուլըրի» ընկերության համար նախագծել զարդերի յուրահատուկ մոդելներ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, ծրագրի նպատակն է ՀՀ երկու մարզերում բնակվող ստեղծարար եւ տեխնոլոգիական հակումներով երիտասարդներին ներգրավել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ զարդերի դիզայնի եւ արտադրության գործընթացում:

«Այս գործընթացը ոլորտների միջեւ երկխոսություն կհաստատի, ինչի արդյունքում տնտեսության թիրախային ճյուղերի համար կմշակվեն նորարարական լուծումներ, որոնք բիզնեսի շարունակականությունը ապահովելու հնարավորություններ կստեղծեն՝ տնտեսական ճգնաժամի դեպքում»,- նշում է Բագրատ Ենգիբարյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը եւս կարեւորում է Հայաստանում նորարարության ու արտադրության միավորումը եւ այդ գործընթացում մարզերի երիտասարդների ակտիվ մասնակցությունը:

«Սա լավ հնարավորություն է մարզերի համաչափ զարգացումն ապահովելու, աշխատատեղերն ավելացնելու եւ արտագաղթը կանխելու համար: Արդյունքում, կմշակվեն նորարարական լուծումներ՝ գյուղատնտեսության, տեքստիլի եւ տուրիզմի ոլորտների համար»,- նշում է նա: