14:59 | 30.06.20 | Նորություններ | 1923

Աստղերից արձակվող ալիքներից կազմված երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում

«Աստղային հնչյունները» (Starsounds) նախագիծը, որն իրենից ներկայացնում է ստեղծագործություն՝ կազմված աստղերից արձակվող ալիքներից, համադրված բարդ հարմոնիայով ու վիզուալ էֆեկտներով, արդեն հասանելի է համացանցում:

Ծրագիրը հիմնված է անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի՝ «Մեր ակուստիկ տիեզերքը» եւ «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսությունների վրա։

2005թ. Գարիկ Իսրայելյանը՝ հավաքագրելով աստղերից արձակվող ուլտրաձայնային հնչյունները, դրանք միավորել է մեծ գրադարանում։

«Աստղային հնչյունները» (Starsounds) «Սթարմուս» (STARMUS - Stars and Music), գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնի նախագծերից է, որն անց է կացվում Գարիկ Իսրայելյանի եւ հանրաճանաչ Քվին (Queen) խմբի գիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ։

Աստղային երաժշտությունը գործիքավորել է Բրայան Մեյը։ Հանրաճանաչ երաժիշտը Իսրայելյանի գրադարանի ակուստիկ ալիքները նոր հարթության վրա է դրել՝ արագացնելով դրանք մարդու ականջին լսելի մակարդակի։ Այնուհետեւ՝ DNEG համաշխարհային ճանաչում ունեցող վիզուալ էֆեկտների ստուդիան, աստղային երաժշտությունը համակցել է աստղային ալիքների եւ Արեգակի սկավառակի պատկերներով։

2021թ. «Սթարմուս» փառատոնը հյուրընկալվելու եւ անց է կացվելու Հայաստանում: