12:57 | 30.06.20 | Նորություններ | 2359

Apple-ը ցանկանում է նոր iPhone-ի փաթեթից հանել լիցքավորման սարքը եւ ականջակալները

Աշնանը շուկայում հայտնվել պատրաստվող iPhone-ը կվաճառվի առանց լիցքավորման սարքի եւ լարային ականջակալների, կանխատեսել է Apple-ի նորույթների գծով փորձագետ Մին Չի Կուոն:

Նրա խոսքով, այս քայլով ընկերությունը ցանկանում է կրճատել ծախսերը: Ներկայում, միջին հաշվարկներով, լիցքավորման սարքի եւ լարային ականջակալների գինը միասին կազմում է $63:

Նշվում է, որ Apple-ն աշնանը կներկայացնի չորս նոր iPhone: Դրանցից 2-ը կունենան 6,1 անկյունագծով էկրան, մեկը՝ 5,4 ,իսկ վերջին մոդելը համեմատաբար խոշոր կլինի՝ 6,7 անկյունագծով էկրանով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակը բացասական ազդեցություն է թողել սմարթֆոնների համաշխարհային շուկայի վրա, ինչի արդյունքում զգալիորեն նվազել են վաճառքի ծավալները, առաջացել են խնդիրներ արտադրական շղթայի տարբեր օղակներում:

Օրինակ, Gartner վերլուծական գործակալության հրապարակած զեկույցի համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում աշխարհում վաճառվել է 20,2%-ով ավելի քիչ սմարթֆոն, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: