17:18 | 26.06.20 | Նորություններ | 2077

ԵՄ դեսպանը եւ նախարարը քննարկել են տեխնոլոգիական գործակցության ուղիները

Հունիսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն ու ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Երկուստեք կարեւորվել են տնտեսության զարգացման համատեքստում բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը, ոլորտի զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձն ու ձեւավորված փոխհարաբերությունները, իրականացվող աջակցության ծրագրերը:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հետաքրքրվել է թվայնացման, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող ծրագրերով, որդեգրած ռազմավարությամբ եւ զարգացման տեսլականով՝ վերահաստատելով այս համատեքստում փոխգործակցության շարունակականության հնարավորությունները:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության եւ մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող քայլերը նոր կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ուղղությամբ: Մասնավորապես, նախարարն ընդգծել է Կառավարության կողմից հավանութան արժանացած եւ ընթացող պետական աջակցության դրամաշնորհային 17-րդ ծրագրի կարեւորության մասին, որն իրականացվում է ոլորտի ընկերությունների շրջանում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու նպատակով:

ԲՏԱ նախարարության հայտարարած մեկ այլ ծրագրով նախատեսվում է մինչեւ տարեվերջ 2000 մասնակցի փոխանցել Ծրագրավորման հիմունքների բազային գիտելիքներ՝ հատկապես նրանց, ովքեր կորոնավիրուսի տարածման հետեւանքով հայտնվել են խոցելի խմբերում եւ զրկվել աշխատանքից: Նախարարն ընդգծել է, որ դասընթացները լինելու են շարունակական, այլ նեղ մասնագիտացումների գծով եւս վերապատրաստումներ են նախատեսվում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ կիբեռանվտանգության եւ թվայնացման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ներկայացրել ոլորտի անելիքները եւ զարգացման տեսլականը:

Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի փոքր ու միջին ձեռնարկություններին տրվող տեխնիկական եւ ֆինանսական աջակցության ծրագրերը:
Ստեղծված ճգնաժամը միասնական ուժերով հաղթահարելու տեսանկյունից Անդրեա Վիկտորինն ու Հակոբ Արշակյանը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու EU4Business Տեխնոլոգիաների զարգացում (Technology Development), Արեւելյան գործընկերության EU4Digital & Cybersecurity initiatives ծրագրերի շրջանակներում: Թե դեսպան Վիկտորինը, թե Հակոբ Աշակյանը կարեւորել են ԵՄ-Թումո միասնական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ թվային հմտությունների զարգացման եւ մրցակցության բարձրացման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են նաեւ կորոնավիրուսի բացասական հետեւանքների հաղթահարման եւ թվայնացման օրակարգի ուղղությամբ ջանքերը համատեղելու, գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված հնարավորությունների շուրջ հետագա փոխգործակցության ակտիվացման հեռանկարները: