16:04 | 26.06.20 | Նորություններ | 3409
Հեռահաղորդակցության ոլորտի թվով 28 ընկերությունների անդամակցությամբ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն հայտնել է իր մտահոգությունները «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի շրջանառվող նախագծի վերաբերյալ:
«Նախքան նախագծի մշակումը լայնորեն քննարկված, համաձայնեցված եւ աշխարհի առաջադեմ երկրների կողմից արդեն տարիներ շարունակ ընդունված եւ կիրառվող պարտադիր հեռուստածրագրերի փաթեթի հասկացությունը տարօրինակ կերպով դուրս է մնացել նախագծի լրամշակված տարբերակից՝ զրկելով ցանցային օպերատորներին հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական սփռման հեռուստածրագրերը անխոչընդոտ կերպով եւ առանց վճարի իրենց սպառողներին վերահեռարձակելու հնարավորությունից:
Այսինքն՝ ներկայումս տիրող իրավիճակը մնում է անփոփոխ՝ անլուծելի թողնելով այն խնդիրները, որոնց բախվում են ցանցային օպերատորները եւ սպառողները: Իսկ այս պահին իրավիճակը հետեւյալն է՝ կաբելային խոշոր հեռարձակողները կարողանում են բարձր գին վճարելով բացառիկ պայմանագրեր կնքել հանրապետական սփռում ունեցող եթերային հեռարձակողների հետ՝ զրկելով մյուսներին տվյալ հեռուստածրագիրը վերահեռարձակելու հնարավորությունից կամ տվյալ հեռուստածրագիրը վերջիններիս տրամադրվում է խտրական պայմաններով եւ բարձր վճարների դիմաց»,- նշել են միությունում:
Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի փոխանցմամբ՝ սա հանգեցնում է փոքր եւ միջին կաբելային հեռարձակողների համար անհավասար մրցակցային պայմանների ստեղծման, զրկելով նրանց բաժանորդներին այդ հեռուստածրագիրը ընդունելու հնարավորությունից կամ այն ընդունել ավելի բարձր բաժանորդային վարձ վճարելու դիմաց:
Պետության սահմանափակ ռեսուրսն օգտագործող եթերային հեռուստաընկերությունների եւ խոշոր ցանցային օպերատորների միջեւ նման հակամրցակցային համաձայնությունները կանխելու եւ այս ոլորտում անհավասար տնտեսական մրցակցությունը բացառելու, սպառողին տեղական հեռուստածրագրերը ընդունելու հնարավորությունից չզրկելու նպատակով միությունը կարեւորում է հանրային մուլտիպլեքսում ներառված հեռուստածրագրերը պարտադիր անվճար հիմունքներով ցանցային օպերատորներին տրամադրելու դրույթը նախագծում վերականգնելը եւ «սոցիալական փաթեթ» կամ «պարտադիր հեռուստածրագրերի փաթեթ» հասկացությունների ներմուծումը մեր օրենսդրության մեջ:
Միությունը չի բացառում նաեւ այնպիսի իրավիճակի ստեղծում, երբ ցանցային օպերատորները հանրապետական սփռում իրականացնող եթերային հեռուստաընկերությունների կամայական վարքագծի հետեւանքով կարող են համաձայնություններ կնքել եւ հրաժարվել տեղական որեւէ հեռուտաալիքի համար վճարելուց եւ վերահեռարձակելուց: Հետեւանքը կլինի այն, որ հայրենական տեղեկատվությունը դուրս կմղվի ցանցային օպերատորների փաթեթներից՝ իր տեղը զիջելով ամբողջությամբ օտարերկրյա տեսալսողական տեղեկատվությանը, ինչը եւս ընդունելի չէ տեղեկատվական անվտանգության նկատառումներով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաբելային հեռարձակում իրականացնող ցանցային օպերատորների հեռուստափաթեթների 80-95 տոկոսը կազմում են օտարերկրյա հեռուստածրագրերը, ապա նախագծում տեսալսողական տեղեկատվության պարտադիր հայերեն լեզվով պահանջ, գովազդի արգելման եւ բովանդակային մի շարք սահմանափակումներ նախատեսող դրույթներ ցանցային օպերատորների վրա տարածելը կհանգեցնի պարզապես Հայաստանում կաբելային եւ այլ, ոչ եթերային հեռարձակման կրախի:
Բոլորն են հասկանում, որ նույնիսկ խոշոր ցանցային օպերտորները չեն կարողանա ապահովել 100-200 հեռուստածրագրերի հայերեն թարգմանություն: Նախագիծը մի կողմից նման խոչընդոտներ է ստեղծում օտարերկրյա հեռուստածրագրերի վերահեռարձակման համար, մյուս կողմից ցանցային օպերատորներին զրկում սեփական հեռուստածրագրեր ունենալու կամ տեսալսողական մեդիածառայության դիստրիբյուտոր լինելու հնարավորությունից», - նշել է Քրիստինե Գյոնջյանը եւ հավելել. «Այնպիսի տպավորություն է, որ նախագիծը մշակվել է բացառապես մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստածրագրերի շահերի տեսանկյունից՝ ամբողջովին անտեսելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցային ոլորտի զարգացման միտումները, ոլորտի մնացած մասնակիցներին եւ սպառողներին»:
Ամբողջ աշխարհում կաբելային հեռուստատեսությունը հանդիսանում է տեսալսողական մեդիայի ամենամեծ սեգմենտը եւ կաբելային ցանցերը շարունակում են մնալ աշխարհի խոշորագույն եւ հայտնի տեսալսողական մեդիածառայությունների հեռուստածրագրերի տարածման հիմքը: Գյոնջյանի խոսքով, այս իրողությունների հետ պետք է հաշվի նստել եւ ցանցային օպերատորներին պետք է ավելի շատ հնարավորություններ ընձեռել զարգանալու եւ ընդլայնվելու համար, ոչ թե զրկել եղած բոլոր հնարավորություններից, քանզի ցանցային օպերատորները չեն օգտագործում պետության սահմանափակ ռեսուրսները, այլ իրենք են ստեղծում ռեսուրսները եւ ենթակառուցվածքներ:
Հայտնելով իր մտահոգությունները՝ operator.am միությունը շարունակում է հուսալ, որ նոր Հայաստանում օրենքների նախագծերը մշակվում են բացառապես ոլորտը բարելավելու եւ կարգավորելու մղումներով, այլ ոչ թե կոնկրետ շահեր սպասարկելու շարժառիթներով եւ հուսով են, որ իրենց բարձրացրած խնդիրներն ի վերջո արձագանք կստանան նախագծի ընդունման ժամանակ: