14:40 | 15.06.20 | Նորություններ | 1599

«Ճանապարհ դեպի օգտատերերի հաջողություն» թեմայի շուրջ առցանց քննարկում կկայանա

Հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առցանց հարթակում Picsart ընկերության Օգտատերերի հաջողությանն աջակցող թիմի ղեկավար Անի Գրիգորյանը կխոսի «Ճանապարհ դեպի օգտատերերի հաջողություն» թեմայի շուրջ:

Հանդիպումը տեղի կունենա Edutainment հանրամատչելի կրթական ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների եւ դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների եւ ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ եւ հմտություններ է հարկավոր ունենալ եւ ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար:

Edutainment-ն առավել նեղ մասնագիտական գիտելիքների հնարավորություն է ընձեռում դիտորդներին. թիրախային խմբում են դպրոցահասակից մեծահասակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ուղղությունների մասին եւ հետագայում առավել  խորքային գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել:

Հնարավորինս պարզ եւ մատչելի կերպով ներկայացնելու համար որպես ձեւաչափ ընտրվել են տեղեկատվական բնույթի դասախոսությունները, որոնք ուղիղ կհեռարձակվեն ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ HTI Armenia: Ուղիղ եթերի վերջում փորձագետները կպատասխանեն նաեւ մեկնաբանություններում գրանցված հարցերին: