10:54 | 15.06.20 | Նորություններ | 1551

Արմեն Սարգսյանը՝ ստարտափների դերի եւ աշխարհի վերափոխման մասին

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ զրույցում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է տեխնոլոգիական ստարտափների եւ աշխարհի վերափոխման մասին:

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

Ստարտափները կարեւոր դեռ կխաղան հետհամավարակային աշխարհում

Ստարտափները շարունակելու են առանցքային դեր խաղալ հետհամավարակային աշխարհում։ Ցավալի իրականությունն այն է, որ յուրաքանչյուր երկրում աճելու է գործազրկության մակարդակը։ Ընկերությունները ստիպված են լինելու լարել իրենց ուժերը չխորտակվելու համար՝ միաժամանակ կրճատելով հետագա ծախսերը եւ փորձելով հարմարվել ապրուստի, սպառման եւ աշխատանքի նոր ձեւերին։

Ինչպես եւ 2008 թվականի ճգնաժամից հետո, այս անգամ եւս մարդիկ ստիպված կլինեն գնալ առավել մեծ ռիսկերի եւ գործարկել նոր ընկերություններ, քանի որ հնարավոր է՝ նրանք չկարողանան վերադառնալ իրենց հին աշխատանքին։

Կառավարությունները պետք է ամեն կերպ խրախուսեն ռիսկի դիմելու նման ձեւերը, քանի որ այդ ընկերությունները կարող են օգնել մեզ՝ գնալ նորարարությունների եւ առավել արդյունավետ ապրել ու աշխատել հետհամավարակային աշխարհում։ Դա կարող է լինել ներդրողների համար հարկային արտոնությունների սխեմաների ստեղծման տեսքով, որպեսզի նրանք առավել մեծ կապիտալ հատկացնեն այս ստարտափներին: Կամ էլ կարող է արտահայտվել յուրաքանչյուր երկրում էկոհամակարգի աջակցությամբ՝ հավաստիանալու, որ գործում է իրավական, կրթական եւ տեխնոլոգիական ճիշտ միջավայր: Նման քաղաքականությունը կարեւոր է գործազուրկներին աշխատատեղով ապահովելու համար, ինչպես նաեւ հնարավորություն տալ մեզ՝ արագորեն փոխվելու հին տնտեսությունից դեպի նորը։

Տեխնոլոգիաները` գիտության փրկիչ

Տեխնոլոգիաները, ինչպես հաճախ պատահել է պատմության ընթացքում, կարող են դառնալ գիտության փրկիչը համավարակների ժամանակ: Դրանք արդեն իսկ արդյունավետ են եղել հասարակական կարգի պահպանման գործում, քանի որ շատերը, ովքեր ունեն հեռուստացույց, համակարգիչներ, պլանշետներ կամ սմարթֆոններ, կարող են կապ պահպանել իրենց ընտանիքների, աշխատանքի եւ ընկերների հետ, միաժամանակ նաեւ՝ զվարճանալ: Պատկերացրեք, եթե այս ամենը տեղի ունենար 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ. հոգեկան առողջության խնդիրների եւ սոցիալական անհանգստությունների հետեւանքները շատ աղետալի, իսկ սահմանափակումները պակաս արդյունավետ կլինեին: Կարծում եմ՝ սպառողների եւ աշխատողների վարքագծի այս փոփոխությունը կշարունակվի, եւ եթե այն արդյունավետորեն ընդունվի, ապա կարող է լինել որոշ չնախատեսված օգուտներ արտադրողականության, աղտոտվածության մակարդակի եւ ընտանիքի ու բնության հետ կապերի վերահաստատման առումներով:

Պետական եւ հանրային ինստիտուտների դիմադրողականությունը կախված է հետեւողականությունից: Հետեւողականության ապահովման համար կառավարությունները պետք է ընդլայնեն տեխնոլոգիաների կիրառումը եւ իրականացնեն էլեկտրոնային կառավարում` ապահովելով անխափան գործունեություն եւ միաժամանակ կիրառելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նախկինում չեն եղել: Ճիշտ հակառակը, այս համավարակը կարող է օգնել կառավարություններին դառնալ ավելի ներկայացուցչական եւ ավելի ժողովրդավարական, եթե նրանք առիթն օգտագործեն եւ իրականացնեն էլեկտրոնային կառավարում: Այն երկրները, որոնք լուրջ ներդրումներ են կատարել էլեկտրոնային կառավարման համակարգերում, ապացուցել են, որ ավելի կայուն են: Սինգապուրի եւ Ռուանդայի օրինակները ցույց են տալիս, թե այս հարցում որքան արդյունավետ կարող է լինել փոքր պետությունը։ Սինգապուրի կառավարության աշխատակիցների 1/7-ը մինչեւ համավարակը աշխատում էր տնից։ Այդպիսով, նրանք պատրաստ էին դիմագրավելու այս խնդրին՝ առանց մեծ խափանումների։

Էլեկտրոնային կառավարումը կհեշտացնի նորարարությունների կիրառումը

Էլեկտրոնային կառավարումը, ի թիվս այլնի, կարող է ստեղծել միջավայր կամ գործիքներ, որոնք անհրաժեշտ են կառավարությունների, բիզնեսի եւ նրանց համապատասխան գործընկերների կայուն գործունեության համար: Այն կարող է նաեւ օգնել հեշտացնելու տեխնոլոգիական նորարարությունների ավելի լայն կիրառումը՝ ավելի խրախուսելով այն:Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որոնք ունեն Բարձր տեխնոլոգիաների նախարարություն: Դա վկայում է այն մասին, թե մենք որքան ենք կարեւորում տեխնոլոգիաների զարգացումը: Արհեստական բանականությունը մեր տեխնոլոգիական զարգացման օրակարգում արդեն դարձել է գերակա ուղղություն, եւ մենք ձգտում ենք Հայաստանը վերածել արհեստական բանականության համաշխարհային հանգույցի: Այդ նպատակով, մենք պետական մակարդակով խրախուսում եւ աջակցում ենք ստարտափներին, որոնք աշխատում են այս ոլորտում: Ինչ վերաբերում է էլեկտրոնային կառավարմանը, մենք այն դիտարկում ենք որպես 21-րդ դարում կառավարման էական գործիք եւ վճռական քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի կառավարման բոլոր մակարդակներում ներդնելու ուղղությամբ:Հայաստանը խրախուսում է ստարտափների զարգացումը

Հայաստանը լայն մարտավարություն է օգտագործում ստարտափների զարգացումը խրախուսելու համար՝ սկսած հարկման բարենպաստ պայմաններ ստեղծելուց մինչեւ աջակցություն BASTEM կրթությանը: Դա մի համակարգ է, որը թույլ է տալիս չորս հատուկ առարկաները՝ բիզնեսի կառավարում, գիտություն եւ տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա, ուսանողներին մատուցել որպես մեկ համապարփակ առարկա, այլ ոչ թե չորս առարկաները համարել առանձին եւ տարանջատել թեմաները:

Հայկական ստարտափների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու եւ նրանց համաշխարհային առաջնորդներին ավելի մոտեցնելու համար մենք վերջերս գործարկեցինք ATOM (Advanced TOMorrow) նախաձեռնությունը: Սա նախագահական նախաձեռնություն է՝ հիմնված Հայաստանում տեխնոլոգիաների եւ գիտության զարգացման վրա, որի նպատակն է առաջատար ՏՏ ընկերություններին բերել Հայաստան՝ զարգացնելու արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը, մեքենայական ուսուցման կարողությունները՝ ապահովելով նրանց եւ մեր տեղական հաստատությունների, բիզնեսի եւ այս ոլորտում բարձրակարգ ընկերությունների միջեւ սերտ համագործակցություն: Միասին մենք կիրականացնենք նաեւ կրթական ծրագրեր՝ ազգային հզոր ուժ ստեղծելու համար. սա այն է, ինչը Հայաստանը ինչ-որ առումով դարձնում է ստարտափ։

Նաեւ չպետք է մոռանանք, որ Հայաստանը ոչ միայն փոքր պետություն է, այլեւ` համաշխարհային ազգ՝ ապագային միտված հավակնություններով: Սփյուռքի մեր հայրենակիցները կարեւոր դեր ունեն եւ համաշխարհային շուկայում հանդես են գալիս որպես դեսպաններ հայկական ստարտափների եւ ապրանքների ներկայացման համար: