11:39 | 10.06.20 | Նորություններ | 2479

Հայտնի են Դրեյփերի համալսարանում ամառային ծրագրին մասնակցության մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ից մայիսի 21֊ն հայտարարված պետական կրթաթոշակով Սիլիկոնյան հովտի գիտական կենտրոններից մեկի՝ Դրեյփերի համալսարանի ամառային ծրագրում ձեռնարկատիրական ուսուցում անցնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ հայտի լրացում, հարցազրույց եւ գաղափարի ներկայացում (pitch)։

Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 122 գաղափարի հեղինակներ, ովքեր հարցազրույցի են մասնակցել Դրեյփերի համալսարանի մրցութային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Արդյունքում գաղափարի ներկայացման (pitch) համար ընտրվել են 20 մասնակիցներ։

Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթող են ճանաչվել 5 ընկերությունների հետեւյալ մասնակիցները՝

Դավիթ Գրիգորյան ֊ Zoomerang
Սյուզաննա Կարապետյան ֊ Jarviz
Մովսես Մակարյան ֊ Magic Cup
Սուրեն Ազատյան ֊ eBin
Ռոման Զաքարյան ֊ GebeCert
Կրթական ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն ամբողջությամբ հոգալու է ընտրված մասնակիցների ուսման ծախսերը։

Նկատի ունենալով ամբողջ աշխարհով կորոնավիրուսի տարածման աննախադեպ աճն ու վտանգը՝ դասընթացներն անցկացվելու են առցանց։

Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, ուր ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ են անցկացվում:

Այս համալսարանում դասախոսները համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատերեր են, ովքեր ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարտափի ներկայացմանը։ Համալսարանն ուսանողներ ունի 77 երկրներից։