10:58 | 03.06.20 | Նորություններ | 2353

SmartGateVC-ն Գլենդելում հիմնում է Hero House Glendale տեխնոլոգիական կենտրոնը

SmartGate վենչուրային ֆոնդը այս տարի աշնանը պատրաստվում է Hero House հիմնել Գլենդելում (մեկնարկի ժամկետը ենթակա է փոփոխության` պայմանավորված COVID-19-ի զարգացումներով):

Hye Rise Investments-ը եւ Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցությունը (AESA) միացել են նախաձեռնությանը` որպես Hero House Glendale-ի ռազմավարական գործընկերներ:

Hero House Glendale-ը կսկսի իր գործունեությունը Gateway to LA (G2LA) եռամսյա աքսելերացիոն ծրագրի գործարկմամբ, որը միտված է օգնելու արտերկրի նորաստեղծ ձեռնարկություններին ընդլայնել իրենց գործունեությունը Հարավային Կալիֆորնիայում եւ, առհասարակ, ԱՄՆ-ում՝ միաժամանակ օգտագործելով Լոս Անջելեսի տարածաշրջանում առկա բիզնեսի զարգացման հնարավորությունները:

Մեկնարկի համար SmartGateVC-ն Գլենդելի քաղաքապետարանից ստացել է 500 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում տեխնոլոգիական պատկերը Լոս Անջելեսի տարածաշրջանում զգալիորեն վերափոխվել է: Նախատեսվում է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Լոս Անջելեսի շուրջ տեխնոլոգիական ընկերություների ավելի մեծ կենտրոնացում կլինի եւ այնտեղ կհաստատվեն ավելի մեծ թվով տեխնոլոգիական ձեռներեցներ։ Արդյունքում, Լոս Անջելեսի տարածաշրջանը կդառնա Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջանից հետո տեխնոլոգիաների հաջորդ մեծ հանգույցը:

Hero House Glendale-ը նպատակ ունի ծառայելու Գլենդելի եւ շրջակա տարածքների ընդլայնվող կարիքներին եւ ազդեցիկ դերակատար դառնալ: Գործընկերների հետ միասին աշխատանքները կենտրոնացված կլինեն հետեւյալ ուղղությունների վրա.

- աջակցել տեխնոլոգիական ընկերություններին գործունեության ողջ ընթացում՝ այդ թվում G2LA-ի շրջանակներից դուրս,
- բացառիկ հետազոտական ծրագրերի շուրջ համախմբել տեղական գիտական եւ ինժեներական ներուժը,
- Գլենդելում եւ հարակից շրջաններում զարգացնել վենչուրային կապիտալի եւ հրեշտակային ներդրումների մշակույթը եւ Hero House Glendale-ի շուրջ հիմնել հրեշտակային ներդրողների համայնք (SmartGateVC-ն եւ Hye Rise Investments-ը կդնեն վենչուրային ներդրումների ենթակառուցվածքային հիմքերը),
- Գլենդելի երիտասարդության եւ ուսանողների համար կազմակերպել եւ հյուրընկալել ձեռներեցական, ներդրումային եւ տեխնոլոգիական տարբեր միջոցառումներ, ինչպես նաեւ նախագծել եւ իրականացնել տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրեր:

«Չնայած Hero House Glendale-ը մեկնարկվում է ձեռներեցների համար նախատեսված միջազգային ծրագրով, այն բարդ եւ բազմաշերտ նախագիծ է, որի մեջ ներգրավված են բազմաթիվ գործընկերներ եւ շահագրգիռ կողմեր: Մեր տեսլականն է առաջիկա 3-5 տարիներին դառնալ Լոս Անջելեսի լավագույն տեխնոլոգիական հանգույցներից մեկը: Մենք ոգեւորված ենք այս նախաձեռնությամբ»,- նշել է SmartGate վենչուրային ֆոնդի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը:

Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցությունը (AESA) կհյուրընկալվի Hero House Glendale-ում եւ առանցքային դեր կունենա ԱՄՆ-ում հայկական գիտատեխնիկական ներուժի խթանմանն ու համախմբմանն ուղղված գործողություններում: Գլենդելում ունենալով իր կենտրոնատեղին՝  ԱՃԳԸ-ն համախմբում է գիտական եւ տեխնոլոգիական ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների հասած  մասնագետների: Այն հիմնականում կենտրոնացած է ամբողջ աշխարհի հայերի մասնագիտական, տեխնիկական եւ գիտական կարիքների լուծման վրա: ԱՃԳԸ-ն առանցքային նշանակություն կունենա Գլենդելի եւ շրջակա շրջանների երիտասարդների եւ ուսանողների հետ իրականացվող աշխատանքներում` տեխնոլոգիաները խթանելու եւ այն Գլենդելի ԴՆԹ-ի մաս դարձնելու համար:

«ԱՃԳԸ-ն ռազմավարական դաշինք է ստեղծել Hero House-ի հետ` Գլենդելը եւ սահմանակից շրջանները գիտատեխնոլոգիական հանգույցի վերածելու համար՝ գործարկելով ԱՃԳԸ-ի ռեսուրսներն ու կապերը: Այս դաշինքը համահունչ է ԱՃԳԸ-ի առաքելությանը, այն է՝ հայկական գիտատեխնիկական համայնքին հնարավորություն ընձեռել լուծելու համաշխարհային մարտահրավերները նորարարական լուծումների միջոցով»,- նշել է ԱՃԳԸ-ի նախագահ Ռիչարդ Օհանյանը:

Hero House Glendale-ը տեղակայված կլինի Միրա Լոմա պողոտա 326 հասցեում՝ 650 քմ մակերեսով տարածքում: Տարածքը տրամադրում է Hye Rise Investments-ը, որը հանդիսանում է նորաստեղծ ներդրումային խումբ Գլենդելում:

«Որպես սերիական ձեռներեց եւ ներդրող, իմ երազանքն էր որպես մենթոր աջակցել եւ ներդրումներ կատարել տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններում եւ ինձ շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր պատրաստ են փոխել աշխարհը: Hero House Glendale-ի շրջանակներում SmartGateVC-ի հետ համագործակցությունը ինձ հնարավորություն է տալիս իրականացնել այդ երազանքը եւ օգտակար լինել այն քաղաքին, որը ես միշտ անվանում էի տուն»,- ասել է Hye Rise Investments-ի հիմնադիր Զարիկ Մեգերդիչյանը:

«Լոս Անջելեսի տարածքը հայտնի է համաշխարհային մակարդակի գիտական եւ կրթական հաստատություններով, եւ մենք հավատացած ենք, որ Hero House Glendale-ը կդառնա կարեւոր հանգույց՝ կապելով ձեռներեցությունն ու ակադեմիան», - նշել է SmartGate վենչուրային ֆոնդի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

Hero House Glendale-ին կաջակցեն նաեւ տեղական առաջատար տեխնոլոգիական ընկերություններ Service Titan-ը եւ DISQO-ն, Սիլիկոնյան հովտում հիմնադրված հայկական կազմակերպություններ HyeTech-ը եւ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը, ինչպես նաեւ տեղական առաջատար համալսարաններ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանը, եւ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը: Այս գործընկերներից յուրաքանչյուրը յուրահատուկ արժեք է բերում Hero House Glendale-ին եւ Գլենդելի տեխնոլոգիական էկոհամակարգին:

SmartGateVC-ն նաեւ համագործակցություն է հաստատել աշխարհի  ավելի քան 20 առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ իր պորտֆելային ընկերությունների եւ Hero House-ի համայնքի համար գործընկերային փաթեթներ տրամադրելու համար (յուրաքանչյուր ընկերության համար փաթեթի արժեքը գերազանցում է $500 հազ.):

«Գլենդելում Hero House-ի հիմնումը ռազմավարական կարեւորություն ունի SmartGateVC-ի համար, որը թույլ կտա մեր ներկա եւ ապագա պորտֆելային  ընկերություններին արդյունավետ օգտագործել ինչպես Հյուսիսային Ամերիկայի, այնպես էլ Եվրոպայի մտավոր ներուժն ու բիզնեսի զարգացման հնարավորությունները: Անհամբերությամբ սպասում ենք ականատես լինելու տեխնոլոգիայի, կապիտալի եւ ձեռներեցության համախմբմանը, որը կհանգեցնի նորարար ընկերությունների հզոր հոսքի ձեւավորմանը», - ընդգծել է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

Hero House-ի աքսելերացիոն ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020թ․ աշնանը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։