13:53 | 27.05.20 | Նորություններ | 11744
SmartGate վենչուրային հիմնադրամը ներդրում է կատարել AimHub ընկերությունում՝ որպես նախասաղմնային փուլի առաջատար ներդրող։
AimHub-ը ներկայացնում է մեքենայական ուսուցման հարթակ, որը հնարավորություն է տալիս ծրագրավորողներին և տվյալագետներին հետևել, համեմատել, վերահսկել և օպտիմալացնել մեխանիկական ուսուցման սեփական մոդելները։
Չնայած նրան, որ արհեստական բանականությունն ունի մեծ ներուժ, բազմաթիվ ընկերություններ այն գործածում են ուղեկցվող դժվարություններով, քանի որ կիրառումը բավական բարդ է աշխատակիցների համար, բացառությամբ փորձառու ինժեներների:
AimHub-ում նշում են, որ նպատակադրված են հեղաշրջել $30+ միլիարդ արժողությամբ ոլորտը` խնայելով ԱԲ ինժեներների ժամանակի 40%-ը և բացահայտելով արհեստական բանականության հնարավորությունները տարբեր ոլորտներում:
Նշենք, որ Krisp-ը, SuperAnnotateAI-ը և SmartClickAI-ն արդեն AimHub-ի հաճախորդներն են։
«Հաշվի առնելով այն փաստը, որ ԱԲ-ն նվաճում է աշխարհը, AimHub-ը ստեղծում է հիմնաքարային տեխնոլոգիա, որը կօգտագործվի ցանկացած արդիական ընկերության կողմից»,- նշել է SmartGate վենչուրային հիմնադրամի գործընկեր, Կատալիստ հիմնադրամի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանը։
Բացի SmartGateVC-ից, ԱԲ-ի ասպարեզում խորը փորձառություն ունեցող մի շարք հրեշտակ ներդրողներ նույնպես միացել են նախասաղմնային ներդրման փուլին։
AimHub-ին աջակցում է նաև Berkeley Skydeck-ը, որն ընկերությանը ապահովում է Բերկլիի Համալսարանի գիտական հետազոտության և նոր ծանոթությունների ձեռքբերման հնարավորություններով։ AimHub-ը Skydeck-ի կողմից հովանավորվող 6-րդ հայկական ընկերությունն է։
SmartGateVC-ն Սիլիկոնյան հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որի ներդրողներն են Թիմ Դրեյփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ձեռներեցներ: Հիմնադրամի ներդրումային թիրախային ոլորտներն են արհեստական բանականությունը (AI), տեղեկատվական անվտանգությունը, իրերի համացանցը և Հայաստանում ձևավորվող կենսատեխնոլոգիաները, քվանտային hաշվարկները և բլոկչեյնը: