12:07 | 01.06.20 | Հոդվածներ | exclusive 110785
Armenian Startup Academy-ի նախաաքսելերացիոն ծրագրի 5-րդ խմբի շրջանավարտ uniQ ստարտափը հարթակ է, որը կապ է ստեղծում սոցցանցերի օգտատերերի եւ ստեղծագործ անհատների (գրողների) միջեւ, հնարավորություն տալով օգտատերերին իրենց սոց-ցանցերի գրառումների համար ստանալ նկարագրություններ:
Itel.am-ի հետ զրույցում ստարտափի թիմում նշել են, որ օգտատերերից պահանջվում է միայն հարթակ ներմուծել այն լուսանկարը, որը ցանկանում են տեղադրել սոցցանցում եւ գրանցված ստեղծագործ անհատները այդ նկարի համար կառաջարկեն յուրահատուկ նկարագրություններ։
«Մեր ծառայությունը օգտատերերին տրամադրում է նկարագրությունների մի քանի տարբերակներ, որոնցից նրանք կարող են ընտրել ցանկացածը եւ կատարել գրառումը»,- նշել է նա:
uniQ-ը «ծնվել է» Startup Boost Weekend (SBW) մրցույթի ժամանակ՝ զբաղեցնելով մրցույթում առաջին հորիզոնականը:
«Բոլորս էլ միշտ դժվարացել ենք մեր գրառումների համար նկարագրություններ գրել եւ այդ պատճառով որոշեցինք լուծել մեր եւ մնացած 95 միլիոն մարդկանց խնդիրը, ովքեր ամեն օր գրառումներ են անում Instagram-ում: Երկրորդ քայլով որոշեցինք մասնակցել Seaside Startup Summit 2019 մրցույթին, որտեղ գաղափարը ներկայացրեցինք եւ կրկին զբաղեցրեցինք առաջին հորիզոնականը՝ «զվարճանք եւ խաղեր» (Entertainment and Gaming) կատեգորիայում: Ավարտել ենք Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ինկուբացիոն ծրագիրը՝ Entrepreneurship and Product Innovation Center-ում (EPIC): Այժմ էլ Armenian Startup Academy-ի Pre-Accelerator ծրագրի շրջանավարտ ենք»,- նշել են uniQ-ում:
Ստարտափի ներկայացրած լուծումը, այն հիմնադրողների խոսքով, յուրօրինակ է ամբողջ աշխարհում, քանի որ հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում ստանալ անհատականացված նկարագրություններ (caption) իրական գրողներից՝ մատչելի գնով:
Թիմը կազմված է երեք անդամներից: Գլխավոր տնօրենը Նվեր Քասիսն է, գլխավոր ֆինանսական պատասխանատուն Անժելա Պողոսյանը, իսկ գլխավոր գործադիր տնօրենը՝ Արաքսյա Միլեքը:
uniQ-ի թիրախում են 3 տարբեր խմբեր` ինֆլուենսերներ, մարքեթինգով զբաղվող ընկերություններ կամ անհատներ եւ փոքր բիզնեսներ: Թիմի անդամների խոսքով, բոլոր այս խմբերը շատ հաճախ են գրառումներ կատարում սոցցանցերում, իսկ այդ գրառումները գրավիչ նկարագրությունների կարիք ունեն:
Armenia Startup Academy-ի ծրագրին մասնակցությունը թիմին ապահովել է uniQ-ն առաջ մղելու համար անհրաժեշտ հմտություններով, սեմինարներով եւ կապերով:
«Ամենակարեւորը՝ ASA-ի շնորհիվ մենք էլ ավելի միացանք հայաստանյան ստարտափ էկոհամակարգին, որտեղ մարդիկ միշտ պատրաստ են միմյանց օգնել»,- նշել են թիմում:
Ծրագրին դիմել պատրաստվող ստարտափներին uniQ-ի թիմը խորհուրդ է տալիս ունենալ հստակ նպատակներ եւ ելակետեր, որպեսզի կարողանալ դրանց հասնել: «Մի՛ արեք ոչինչ առանց պլանավորման: Ունեցե՛ք նախագիծ, եւ այս ծրագիրը կօգնի ձեզ ավելի արագ հասնել ձեր նպատակներին»:
Առաջիկայում թիմը ծրագրում է uniQ-ը վեբ հարթակից վերածել մոբայլ հավելվածի, որի համար ներդրումներ է փնտրում:
«Նկարագրություններից զատ, հավելվածը կօգնի սոցցանցերի օգտատերերին ստանալ լիարժեք գրառում` տրամադրելով նկարների խմբագրում, հեշթեգներ եւ գրառումների պլանավորման համակարգ»,- նշել են թիմում:
Նարինե Դանեղյան