17:28 | 07.05.20 | Հոդվածներ | exclusive 91248

Sandship. Հայկական նոր մոբայլ խաղ՝ գլոբալ տեսլականով

Rockbite Games հայաստանյան ընկերությունը, որը զբաղվում է մոբայլ խաղերի ծրագրավորմամբ, ներկայացրել է Sandship.The last engineer խաղը:

Խաղն անվճար է եւ հասանելի App Store-ում եւ Google Play-ում:

Թեմայի շուրջ զրուցել ենք Rockbite Games-ի կորպորատիվ մշակույթի պատասխանատու Գայանե Փարեմուզյանի հետ:

Հատուկ վիզուալ էֆեկտներ, իրատեսական անցումներ

Sandship-ը Sci Fi ոճի խաղ է, որտեղ իրադարձությունները տեղի են ունենում պոստապոկալիպտիկ ժամանակաշրջանում։ Խաղացողը կառավարում է վերջին հսկա Sandship մեքենան՝ արհեստականորեն ինտելեկտուալ մեգա-գործարանը, որը շրջում է հեռավոր մոլորակի անվերջ անապատներով:

Վթարից հետո այն արթնանում է փլատակների մի աշխարհում եւ սկսում իր աշխատանքը: Խաղացողը կարող է այս ճանապարհորդության ընթացքում հայտնաբերել եւ վերհիշել մոռացված տեխնոլոգիաները, մշակել, տեղադրել նոր ռեսուրսներ՝ ավելի մեծացնելով մեքենան։ Հայտնի Factorio խաղն է ոգեշնչել թիմին՝ ստեղծել Sandship-ը:

Գայանեի խոսքով, Sandship-ը հասանելի կլինի նաեւ հայերենով եւ այդ նպատակով թիմի նկարիչների կողմից ստեղծվել է հատուկ այբուբեն: Բացի դա, խաղում առկա են իրատեսական եղանակային եւ գիշեր-ցերեկային անցումներ, որոնք սովորաբար բնորոշ են 3D խաղերին, իսկ Sandship-ը 2D ֆորմատի խաղ է: Խաղի վիզուալ էֆեկտների համար թիմը հատուկ գործիք է մշակել:

Պատրաստված՝ Հայաստանում, հասանելի՝ ամբողջ աշխարհում

Sandship-ի ստեղծման ուղղությամբ աշխատել են ծրագրավորողներ, նկարիչներ, game designer, պրոյեկտ մենեջեր, խաղի բալանսով զբաղվող մասնագետ, խաղացողների հետ կապի մասնագետներ, ձայնային մասնագետ:

Խաղի բոլոր մասնիկները մշակվել են Rockbite Games-ի թիմի կողմից։ Գայանե Փարեմուզյանի խոսքով, թիրախային շուկան միայն Հայաստանը լինել չի կարող:

«Սա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում խաղաստեղծների համայնքն այդքան էլ մեծ ու ձեւավորված չէ, չնայած Հայաստանից եւս ունենում ենք ներբեռնումներ։ Խաղը հասանելի կլինի ամբողջ աշխարհում, ինչպես, օրինակ, նախորդ խաղի՝ Deep Town-ի դեպքում։ Վերջինս, օրինակ, առավելապես ակտիվ խաղային համայնքներ ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ռուսաստանում»,- ընդգծում է նա:

Գայանեն նշում է, որ խաղը հիմնականում նախատեսված է Mid-core խաղերի սիրահարների համար, սակայն բավական հեշտ ընկալելի է, եւ բոլորն, առանց սահմանափակման, կարող են խաղալ։

Sandship-ն անվճար է, բայց խաղի ընթացում, եթե խաղացողը ցանկանա ինչ որ գործընթացներ արագացնել կամ հավելյալ ռեսուրսներ ունենալ, ապա խաղի ներսում գործում է shop հատվածը, որտեղից կարող է գնել անհրաժեշտ ռեսուրսները։

COVID 19-ը եւ Rockbite Games-ը

Գայանեն նշում է, որ Rockbite Games-ն առաջին ընկերություններից էր, որն անցավ տանից աշխատանքի ռեժիմի՝ մինչեւ արտակարգ դրության սահմանելը։

«Արդեն երկու ամիս է, փաստորեն, աշխատում ենք տնից: Ճիշտ է՝ արդեն մայիսի 4-ից դուրս են եկել սահմանափակումները, բայց մենք՝ գնահատելով մեր աշխատակիցների առողջությունը՝ դեռեւս շարունակում ենք աշխատանքը կազմակերպել տնից:

Աշխատանքային գործընթացը տանից առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար հարկավոր է աշխատակիցներին ապահովել համապատասխան տեխնիկայով ու տեխնոլոգիաներով, ինչը, կարծում եմ, մեզ մոտ բավական լավ է ստացվել։ Այս իրավիճակում կարեւորագույն կետերից է հաղորդակցության պահպանումը թիմի հետ տարբեր հարթակների միջոցով՝ Slack, Zoom, Skype եւ այլն»,- նշում է նա:

Գայանեի խոսքով, ՏՏ ոլորտն ամենահեշտ ադապտացվող ոլորտներից է եւ ծրագրավորողի համար այդքան էլ էական չէ՝ որտեղից աշխատել. կարեւորը աշխատանքի որակի ապահովումն է եւ համապատասխան աշխատանքային ժամերին հասանելի լինելը։ 

«Որպես դրական կողմ, կարող եմ նշել աշխատանքի արդյունավետության բարձրացումը, որը բացատրվում է արտաքին աշխարհի հետ շատ սահմանափակումներ ունենալով։ Իսկ բացասական կողմերից է, բնականաբար, անմիջական շփման բացակայությունն ու գրասենյակում չգտնվելը՝ լանչերի ընթացում բոլոր տեսակի տարօրինակ զրույցներ չունենալը»:

Այնուամենայնիվ, ընկերությունը հեռահար աշխատանքը դեռեւս դիտարկում է որպես կարճաժամկետ իրողություն:

«Եթե սկսենք դիտարկել որպես ավելի երկարաժամկետ ձեւաչափ, ապա միանշանակ ի հայտ են գալու շատ բացասական  կողմեր, օրինակ՝ թիմի մոտիվացիայի ու արդյունավետության գործակցի նվազում: Նաեւ կփոխվեն կառավարման հին ձեւերը եւ կարիք կլինի ադապտացվել նոր տեխնոլոգիաներին», -նշում է նա:

Այս փուլում շատ կարեւոր է պահել աշխատակիցների հետ կապը, քանի որ, Գայանեի խոսքով, տանից աշխատելու դեպքում ամենաշատը տուժում է թիմային ոգին:

«Մեզ համար շատ կարեւոր է թիմի անդամների հանդեպ հոգատարությունը եւ թիմային միջոցառումները, ուստի պարբերաբար տարատեսակ խրախուսական համեղ բաներ ենք թիմին ուղարկում, դե իսկ միջոցառումները տեղափոխել ենք առցանց հարթակ՝ Zoom-ի միջոցով ունենում ենք տեսազանգեր՝ մեկ գավաթ գարեջրի շուրջ անցկացնում քննարկումներ ու խաղեր խաղում»:

Գայանեն կարծում է, որ ՏՏ ոլորտն ամենաքիչ տուժած եւ փոփոխությունների ենթարկվող ոլորտներից կլինի՝ COVID-19-ի ավարտից հետո։

«Հետազոտություններն արդեն իսկ ցույց են տալիս, որ այս ընթացքում հաղորդակցության շատ հարթակներ դարձել են առավել հայտնի ու ունեցել միլիոնավոր ներբեռնումներ, նույնը վերաբերվում է նաեւ խաղերի ոլորտին։ Շատ ոլորտներ արդեն իսկ տեղափոխվել են առցանց հարթակ՝ կրթություն, շփում, գնումներ, ինչն էլ, բնականաբար, հնարավորություն է տալիս ՏՏ կազմակերպություններին ավելի մեծ թափով աշխատանքի անցնել»,- նշում է նա:

Նարինե Դանեղյան