17:41 | 07.05.20 | Նորություններ | 11959

Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին մասնակցել վճարվող ինթերնշիփի

Ինչպես եւ շատ միջազգային կազմակերպություններ, Հայաստանում Beeline-ն իրականացնում է վճարվող ստաժավորման ծրագիր ուսանողների համար, եւ այս տարի 3G՝ «Երրորդ սերունդ» ծրագրին մասնակցելու համար արդեն ընդունվում են հայտեր:

Ծրագրի շրջանակում ստաժավորումը տեւում է 11 ամիս. այդ ընթացքում ուսանողների հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, եւ նրանք մասնակցում են ընկերությունում իրականացվող իրական նախագծերին՝ տվյալ ծառայության մենեջերի ղեկավարությամբ, ստանում են աշխատավարձ եւ այլ առավելություններ, ինչպես նաեւ նրանց աշխատանքային գրաֆիկը հարմարեցվում է դասացուցակին:

Նշենք, որ 12 տարիների ընթացքում ծրագրին մասնակցել են շուրջ 160 ուսանողներ, ովքեր աշխատանքային փորձ են ձեռք բերել Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի ամենատարբեր ստորաբաժանումներում՝ տեխնիկական, ՏՏ, կոմերցիոն, իրավաբանական եւ այլն: Մասնակիցների շուրջ 50%-ը հետագայում աշխատանքի առաջարկ են ստացել ընկերությունից:

«Beeline-ը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է եւ միջազգային մեծ կորպորացիայի մաս, վստահ եմ, որ նման տեղում առաջին աշխատանքային փորձ ստանալը հիանալի հնարավորություն է: Կարծում եմ, երիտասարդ մասնագետները կգնահատեն մեր զարգացած կորպորատիվ մշակույթը եւ կկարողանան իրենց վառ գաղափարներով էլ ավելի լավը դարձնել մեր աշխատանքն ու մատուցվող ծառայությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչեւ 2020թ. մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստաժավորման ծրագրի հարցաթերթիկն այստեղ եւ ուղարկել այն ինքնակենսագրականի հետ (CV/Resume) student@beeline.am էլ. հասցեով։