12:14 | 01.05.20 | Նորություններ | 2372
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ, նախօրեին «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ:
Զրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է վերջին շրջանում աշխարհում եւ Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ այդ պայմաններում ստարտափների գործունեությանը:
Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում համավարակից հետո՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի վտանգը դեռ մնում է:
«Կորոնավիրուսը դեռ պարտված չէ. դեռ երկար ժամանակ ապրելու ենք նրա հետ միասին՝ մինչեւ համապատասխան դեղորայքը կամ պատվաստանյութը հայտնաբերեն: Յուրաքանչյուրի կողմից պետք է պարտականություն դիտվի վարակը չփոխանցել ուրիշի, ավելի տարեց անձանց կամ նրանց, ովքեր ավելի թույլ առողջություն ունեն... Խոսքը բարոյական պարտականության եւ այլոց հանդեպ հոգատարության մասին է՝ նախ եւ առաջ մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի նկատմամբ: Հետեւաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ եւ վտանգի չենթարկեք եւ՛ մեծերին, եւ՛ փոքրերին»,- նշել է նախագահը:
Նա ընդգծել է, որ աշխարհն արդեն փոխվում էր, ուղղակի կորոնավիրուսը սկսեց արագացնել այդ փոփոխության ընկալումը. «Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է, վիրուսներն այսուհետ տարածվելու են շատ արագ՝ քվանտային ձեւով»:
Խոսելով նոր իրավիճակում ստարտափների դերի մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ աշխարհը գնում է այն ուղղությամբ, որտեղ ստարտափների դերը ոչ թե պակասելու, այլ, ընդհակառակը, աճելու է:
«Այսինքն՝ կորոնավիրուսից հետո աշխարհը, միեւնույն է, գնալու է այն նույն ուղղությամբ, ինչ կորոնավիրուսից առաջ, եւ, գուցե, ավելի արագ տեմպերով: Մեծանալու է էլեկտրոնային ընկերությունների դերը: Շատերը պարզելու են, որ շատ խնդիրներ լուծելու համար կարիք չկա հավաքվել, այլ՝ վիրտուալ ձեւով կարող ենք դա անել: Շատերը հայտնաբերելու են, որ իրենց ընտանիքները հսկայական, մեծ արժեք են, քանի որ այն հայրերը, որոնք առավոտից երեկո վազում են եւ իրենց երեխաներին չեն տեսնում, հայտնաբերելու են, որ ունեն փայլուն երեխաներ, եւ նրանց հետ ժամանակ անցկացնելը, նրանց կրթելը նույնպես կարեւոր է... Եզրակացությունը հետեւյալն է. այսուհետ ստարտափների դերը շատ կարեւոր է լինելու: Խոսքն այն մասին չէ, թե ինչպիսի հարաբերություն կունենա նյութական աշխարհը վիրտուալի հետ, այլ՝ այն մասին, որ միեւնույն է, աշխարհը շարունակվելու է փոփոխվել եւ, միգուցե, ավելի մեծ արագությամբ: Հետեւաբար, ստարտափերն այնտեղ մեծ դեր ունեն»:
Արմեն Սարգսյանը պատասխանել է նաեւ ստարտափ հանրության ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են կորոնավիրուսի համավարակից հետո հեռանկարային ոլորտներին, ստարտափների հնարավոր աջակցությանը, ինչպես նաեւ կոնկրետ նախագծերի: